HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանում տեղադրած նոր վերելակներն ինչո՞ւ են անջատվել

Երևանի մի շարք վարչական շրջանների բնակիչներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջերում գրառում են կատարում, որ իրենց շենքերում տեղադրվել են նոր վերելակներ, սակայն դրանք չեն գործում։

Նրանք նշում են, որ տեղադրված նոր վերելակը մի քանի օր աշխատել է, ապա տեղադրող ընկերությունն այն անջատել է՝ պարզաբանելով, որ մոնտաժման կամ այլ ծառայության դիմաց Երևանի քաղաքապետարանն իրենց չի վճարել:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը տեղյակ է այս ամենին։ Նրա փոխանցմամբ՝ վերելակներն անջատվել են դրանք տեղադրող «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի պատճառով։ Ընկերությունն ամբողջությամբ չի կատարել պայմանագրային պարտավորություններն, այդ իսկ պատճառով քաղաքապետարանը մասնակի է փոխանցել ծառայությունների մատուցման գումարը։ Արդյունքում՝ ընկերությունը չի վճարել իր աշխատողների աշխատավարձերը, և նրանք, որպես բողոք, անջատել են վերելակները։

«Պայմանագրով ողջ գումարը չվճարելու հանգամանքը որևէ պաշտոնյայի հայեցողությունը չէ, կամ կազմակերպությանը պատժելու ցանկություն չէ։ Պայմանագրի դրույթներն են ենթադրում, որ վճարումը պետք է լինի բացառապես պայմանագրի կետերը կատարելու դեպքում։ Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել, որոնք նաև կազմակերպության աշխատակիցների կողմից բերել են ինքնաբուխ գործողությունների։ Այսինքն՝ արդեն միացված և շահագործման հանձնված վերելակներն անջատվում են, կամ այն վերելակները, որոնք արդեն պատրաստ են, չեն միացվում»,- նշեց Հակոբ Կարապետյանը։

Քաղաքապետարանն այս պահին «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի հետ բանակցություններ է վարում, որպեսզի իրավիճակը կարգավորվի։

Նշենք, որ օգոստոսի 11-ին Երևանի քաղաքապետարանը հայտնեց՝ մայրաքաղաքում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը։ 2019-ի տարեվերջին քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ էր փոխարինել, նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին, սակայն այս տարվա հունվարին արդեն քաղաքապետ Մարությանը որոշեց հնգապատկել ծրագրի ծավալները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter