HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2022թ.-ին Արցախի Ազգային Ժողովի նստավայրը կտեղափոխվի Շուշի

2022թ.-ի մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Շուշի քաղաք և ծանոթացել պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Շուշիի Վարանդա փողոցի վրա Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով վերակառուցվող 45 բնակարանանոց շենքի և Հախումյան թաղամասի բնակելի շենքերի կապիտալ վերանորոգման արդյունքում առաջիկայում մոտ 150 բնակարաններ կհանձնվեն շահագործման: Գործընթացը ժամանակին իրականացնելու նպատակով նախագահ Հարությունյանը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Այնուհետև նախագահն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորման շենքը: Այն կապիտալ վերանորոգելու և վերազինելու անհրաժեշտության մասին տեղում ծավալված կարճ քննարկումից հետո Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ ծրագիրը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում:

Երկրի ղեկավարը շինարարությունը վերսկսելու հանձնարարություն է տվել շրջկենտրոնի ամենամեծ շինարարական հարթակներից մեկում, որտեղ աշխատանքների ավարտից հետո կտեղակայվի ԱՀ Ազգային ժողովը: Նախագահի խոսքով՝ տեղափոխումը նախատեսվում է 2022թ.-ին՝ բերդաքաղաքի ազատագրման երեսունամյակի առթիվ: Նա պատասխանատուներին հորդորել է շինաշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: «Սա ինքնանպատակ չէ: Հանրապետության օրենսդիր մարմնի տեղափոխումը Շուշի ունի ինչպես քաղաքական, այնպես էլ պատմական նշանակություն»,- ասել է Ա. Հարությունյանը:

Այցի ընթացքում նախագահը եղել է նաև քաղաքի խմելու ջրի համար կառուցվող, ժամանակակից չափանիշներին համապատասխան ֆիլտր կայանում և Շուշիի Ռեալական ուսումնարանի՝ կիսավեր վիճակում գտնվող շենքի տարածքում: Նախագահը նշել է, որ Ռեալական ուսումնարանը, որպես կրթական կենտրոն, նշանակալի դերակատարություն է ունեցել սերունդների կրթության և դաստիարակության գործում, և առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այն վերջնական ավերումից փրկելու և նոր շունչ հաղորդելու համար:

Շրջայցի վերջում նախագահ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շուշիի վարչակազմի շենքում: Նա բանավոր նկատողություն է տվել շրջվարչակազմի ղեկավարին և պատասխանատուներին՝ սոցիալական ծրագրերով նախատեսված շինանյութի ոչ արդարացի բաշխման համար՝ զգուշացնելով, որ հաջորդ նման սխալի դեպքում օրենքով նախատեսված խիստ քայլեր են ձեռնարկվելու: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջանի կենսագործունեությանը վերաբերող այլ հարցեր:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter