HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Վերջին նամակն իմ ընկերոջը

Հիշու՞մ ես, մենք ինստիտուտում «Տիբեթյան մեռյալների գիրքն» էինք առել՝ իմ ծնունդին ու հետո ֆռռալով կարդում էինք, որ իմանանք, ոնց ա էնդեղ՝ էստեղից որքան տարբեր ա, վախենալո՞ւ ա թե չէ: Իսկ հիմա, մի 10 տարի անց, էդ ամեն ինչից հետո, էդքան կարդալուց, մտածելուց ու մարսելուց հետո պարզվեց՝ սաղ ավելի հեշտ ա լինելու ու պրիմիտիվ:

Մի 10 տարի հետո կպարզվի, որ ես կիմանամ քո գնալու մասին գիշերով` օդանավակայանում, սպասված մարդ դիմավորելուց, ում ամեն կերպ ցույց եմ տալու, որ ինքը սպասված չէ: Ես կիմանամ, որ դու չկաս՝ կիսատոնական, բայց զուսպ հագնված: Կիսատոնական, որովհետև ուրախ էի, զուսպ, որովհետև միշտ ամաչում եմ դիմացինին ցույց տալ ինչքան եմ ուրախ կամ ինչքան եմ իրեն կարոտել: Տենց մի սովորական ու դեբիլ գիշերով, խառը, իրար հետ կապ չունեցող մարդկանցից ես կիմանամ, որ դու էլ չկաս ու քեզ մի օր հանդիպելու` դուրս տանելու ու հետդ նորից շփվելու միտքն էլ պետք ա հետդ գնա:

Գիտե՞ս ինչն ա վատ, որ քո չլինելուց ոչ մի արտասովոր բան չի լինի՝ աշխարհը չի կանգնի, ինքնաթիռները նույն կերպ հանգիստ վայրէջք կկատարեն, ես նույն զուսպ դեմքով կդիմավորեմ նրան, ում ինքս ինձնից թաքուն սպասում էի, մենք նույն կերպ իրար թաքուն կարոտած կգնանք իմ կամ իր տուն: Իսկ քո տանը՝ ձեր տանը, որտեղ արդեն ամիսներով ամեն իր հարմարացված էր քո գոյության համար, ու հարմար ապրելու, անցավ ապրելու համար կփոխվի ամեն ինչ՝ ռիթմը, կենցաղը, ձայները, հոտերը: Ամեն ինչ կփոխվի: Կամ ինչ-որ ժամանակով, կամ ընդմիշտ: Ու էդքան բան:

Պարզվում ա չլինելը տենց հեշտ ա ու արագ ու ավելի անցավ, քան լինելը՝ քո լինելը:

Քո լինելը վերջին տարիներին ավելի էր դժվարացել: Ես գիտեմ. հեռու էի, բայց գիտեի: Գիտես, Երևանը էնքան փոքր ա, որ իրար չտեսնելով իրարից փախչել մեկա չի լինի, ու կորչել կարող ես մենակ մի ենթաշերտի մեջից, բայց մյուսներում քո մասին դեռ կհիշեն ու կապրեցնեն քո հիշողությունը, անգամ եթե դու փոխվես ու դառնաս ուրիշ մարդ, կամ կորչես ու էլ չլինես, մեկա էդ շերտերում դու լինելու ես ու մնալու՝ մեկ-մեկ դառնալով ինչ-որ խոսակցության առարկա, որտեղ եղանակի պես մի ֆունկցիա կկատարես ու կլցնես անհարմար լռությունը քեզնով՝ քո ապրածով կամ քո գնալով:

Տարօրինակ ա, որ քո էդքան դժվար, բայց սիրուն ու կոկիկ ապրելը ու էդքան ցավացնող գնալը կարող ա մի օր դառնա Սարյանի սեղաններից մեկի շուրջ հնչող խոսակցություն, որը պարզ չէ՝ ինչ նպատակ կունենա՝ քեզ մեծարելու, թե քո մասին ցավալու, քո չլինելը ստատիստիկայի բերելու ու հասկանալու մեր սերնդի խնդիրները, թե ուղղակի՝ դատարկ ու պարապ լռությունն իմաստալի բանով լցնելու:

Սրա մասին «Տիբեթյան մեռյալների գրքում» չկար գրած: Չկար, որ գնալն էդքան առօրեական է ու կենցաղային, որ դրա մեջ ոչ մի միստիկ բան չի լինի... բայց հուսով եմ՝ ես սխալվում եմ ու հուսով եմ կար՝ միստիկ կամ հրաշք մի բան, որը քեզ ազատեց էն ամեն ինչից, ինչն էլ քեզ պետք չէր՝ մեզնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter