«Հայացք». շուկան՝ ՀՀԿ շտաբ
Օրերս ՀՀԿ ընտրական շտաբի պաստառ է հայտնվել նաև Արշակունյաց փողոցում գտնվող շուկայի վրա: Մինչ այդ «Գյուղմթերքի շուկա» գրությունն օրեր առաջ անհետացել էր:
Կինո «Հայրենիքից» Առաջին մաս տանող ճանապարհահատվածում բանջարեղենի բացօթյա առևտրով զբաղվող վաճառականներին մեկտեղելու նպատակով կառուցված փոքրիկ շուկայում վաճառվում էր արկղերով բանջարեղեն, պարկերով կարտոֆիլ, կույտերով չոր լավաշ, մի երկու սառնարանում՝ պաղպաղակ ու կաթնամթերք: Շուկայում նաև գրիլի ու քաբաբի պատրաստման անկյուն կա, կողքին էլ՝ սեղաններ:
Այժմ այդ նույն տեղում նախընտրական լուրջ տրամադրություն պետք է տիրի: Շուկայի տարածքը բազարային տրամադրություններ կստեղծի՞ ՀՀԿ-ականների շրջանում, թե՞ ոչ` դժվար է ասել:
Վերջին օրերին շուկան գրեթե փակ է: Այդտեղի գյուղմթերք վաճառող մարդկանց մի մասին կարելի է հանդիպել հարակից խանութներում տեղավորված: Նրանց վաճառասեղանների փոխարեն արդեն շուկա է տեղափոխվել գրասենյակային կահույք:
Ի դեպ, շուկայի ներսում դռներ են դրվել ՀՀԿ-ականներին գրիլավաճառներից առանձնացնելու համար: Վերջիններս և բանջարեղենի 1-2 տաղավար, ըստ ամենայնի, շարունակելու են աշխատել:
Ի՞նչը գրավեց ՀՀԿ-ին այդ շուկայում: Այլ տարածք չկա՞ր: Գուցե գրիլի ապարատում օրուգիշեր պտտվող հավե՞րը հանգիստ չէին տալիս: Թե չէ` շուկայի այդ տարածքն առանձնապես բարեկարգ չէ: Այս շրջանում էլ բավական ցուրտ է. առևտրականները դժվարությամբ էին դիմանում: Չնայած չենք կարող ասել. գուցե ՀՀԿ-ի շտաբի պատվին այստեղ ջրատաքացման կաթսա՞ էլ տեղադրվի...
Ամեն դեպքում, ավելի լավ է շուկան ՀՀԿ շտաբ դառնա, քան հակառակը:
ԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել