«Հայացք». վտանգավոր թափոնների հարցում գրեթե բարձիթողի վիճակ
Մեր երկրի համայնքների տարածքների աղբավայրերում առկա են ՀՀ բնապահպանության նախարարի 26.10.2006 թ. թիվ 342-Ն հրամանով հաստատված ցանկում ներառված վտանգավորության աստիճան ունեցող թափոններ: Ընդ որում, մշտական և ժամանակավոր բնակության վայրերից, ինչպես նաև կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբն ունի 4-րդ դասի վտանգավորության աստիճան:
Այնուհանդերձ, համայնքների կամ աղբավայրեր (թափոնակուտակիչներ) օգտագործողների (օպերատորների) կողմից տվյալ ոլորտում գործունեությունն իրականացվել է առանց լիցենզիայի, իսկ թափոնների թաղման դեպքում` առանց ընդերքօգտագործման հատուկ թույլտվության:
Մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի վարչական շրջաններում առանց լիցենզիայի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպություններից որևէ մեկը թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվություն չի ներկայացրել և բնապահպանական վճարներ չի վճարել` այն դեպքում, երբ միայն Նուբարաշենի 52,3 հա մակերեսով աղբավայրի տարածքում օրական տեղադրվում է միջինը 750 տոննա կամ տարեկան 275000 տոննա աղբ, այդ թվում նաև` վտանգավոր թափոններ:
Պարզվել է նաև, որ լիազորված և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաճախ չեն կատարվել ՀՀ բնապահպանական օրենսդրության պահանջները: Տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների հետ համաձայնեցված հսկողություն չեն իրականացրել բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ, չեն արձանագրվել խախտումները, չեն կիրառվել պատժամիջոցներ:
2009 թ. Բնապահպանության նախարարությանը վտանգավոր թափոնների վերաբերյալ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվություններ են ներկայացրել տարբեր ոլորտների` 633, իսկ 2010 թ.` 678 կազմակերպություն: Դրանց համաձայն` 2009 թ. վտանգավոր թափոններ առաջացել են 392, իսկ 2010 թ.` 406 կազմակերպություններում, դրանց առաջացրած վտանգավոր թափոնները կազմել են 2009 թ.` 47630100 տոննա, իսկ 2010 թ.` 48297700 տոննա:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հանրապետությունում միայն արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների թիվը կազմել է շուրջ 2500, սակայն նրանցից ընդամենը 7%-ն է ներկայացրել վտանգավոր թափոնների վերաբերյալ հաշվետվություն:
Չնայած վերոնշյալին, բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից պատշաճ չեն կատարվել կառավարության 25.07.2002 թ. թիվ 1149-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետի պահանջները. անհրաժեշտ հսկողություն չի իրականացվել վտանգավոր թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահպանման նկատմամբ:
Վերը նշվածի հետևանքով չի կիրառվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.19-րդ հոդվածի պահանջը, ըստ որի, վարչական վիճակագրական հաշվետվություն չներկայացնելն առաջացնում է մինչև 150000 դրամ տուգանքի նշանակում: Ընդգծենք, որ վտանգավոր թափոնների տեղադրման դիմաց բնապահպանական վճարները 2009 թ. կազմել են ընդամենը 30723200, իսկ 2010 թ.` 35402300 դրամ:
30.01.2003 թվականին կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 121-Ն որոշումը: Ելնելով այդ որոշումից, հետագայում կառավարության որոշումներով` թվով 6 կազմակերպության տրամադրվել են վտանգավոր թափոնների միայն վերամշակման, վնասազերծման լիցենզիաներ, իսկ վտանգավոր թափոնների պահպանման կամ փոխադրման և տեղադրման համար լիցենզիաներ չեն տրամադրվել:
Չնայած վերոնշյալին, բացի նշված կազմակերպություններից, համապատասխան լիցենզիա չունենալով հանդերձ, 2009 թ. վտանգավոր թափոնների փոխադրում են կատարել թվով 13, իսկ 2010 թ.` թվով 16 կոմունալ սպասարկման կազմակերպություններ:
Լուրջ խնդիրներ ու խախտումներ կան նաև` ընդերքօգտագործման հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարների և թափոնակույտերի հետ կապված: Հայաստանի տարածքում առկա են հարստացուցիչ ձեռնարկությունների թվով 19 պոչամբարներ, որոնցից 10-ը կոնսերվացված են:
Պոչամբարներում և դրանց կից տարածքներում առկա ապարային թափոնակույտերում կուտակված թափոնների վտանգավորության դասը որոշելու համար ՀՀ բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել: Օգտվելով այս խոշոր բացից` հարստացուցիչ ձեռնարկությունների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ պոչամբարների պարունակությունն ընդհանրապես որպես թափոն չի դիտարկվել, ինչի հետևանքով որևէ բնապահպանական վճար չի վճարվել:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել