HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս առաջին կամավորները ստացել են կորոնավիրուսի չինական պատվաստանյութը

Ռուս կամավորների առաջին խումբն ստացել է կորոնավիրուսի չինական պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Այդ մասին «РБК»-ին հայտնել է «Петровакс» ընկերությունը։ Կամավորները մասնակցում են չինական Ad5-nCoV պայմանական անվանումը կրող պատվաստանյութի միջազգային կլինիկական փորձարկումներին։ Այն մշակվել է «CanSino Biologics Inc.» ընկերության, ինչպես նաև Պեկինի բիոտեխնոլոգիաների ինստիտուտի և Ռազմաբժշկական գիտությունների ակադեմիայի կողմից։

«Ներկայումս առաջին կամավորներն իրենց լավ են զգում։ Նրանցից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել որևէ անցանկալի երևույթ»,- հայտարարել է ընկերությունը։ Պատվաստված մարդիկ շուրջ 28 օր կգտնվեն բժիշկների հսկողության տակ։ Կամավորներն այդ ընթացքում կանցնեն կլինիկական չորս հետազոտություններ։ Պատվաստանյութի ստեղծողներն սպասում են, որ այդ ընթացքում հետազոտության մասնակիցների մոտ, COVID-19-ի հարուցչի նկատմամբ, ի հայտ կգա հումորալ և բջջային իմունային պատասխան։

Պատվաստումից մեկուկես տարի անց կամավորները կանցնեն ստուգիչ հետազոտություն։ Ընկերությունը նշել է, որ շարունակում են հավաքել կամավորների՝ փորձարկումներին մասնակցելու համար։ Նրանք արդեն իսկ ստացել են ավելի քան 3000 դիմում։

Կամավորների պատվաստումն սկսվել է չինական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի շրջանակներում։ Առաջին երկուսն անցել են Չինաստանում։ Ընդհանուր առմամբ փորձարկումներին մասնակցել է ավելի քան 600 մարդ։ «Петровакс»-ն օգոստոսի կեսերին թույլտվություն է ստացել՝ հետազոտություններ իրականացնել Ռուսաստանում։ Եթե փորձարկումներն հաջողությամբ ավարտվեն և Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրի չինական պատվաստանյութի կիրառումը, ապա ընկերությունը Մերձմոսկվայի իր գործարանում կսկսի դրա զանգվածային արտադրությունը։ 

2020 թվականին ամսական նախատեսվում է թողարկել ավելի քան 4 միլիոն չափաբաժին։ 2021 թվականին «Петровакс»-ն արտադրությունը կարող է հասցնել մինչև 10 միլիոն չափաբաժնի։ Մատակարարումը կիրականացվի դեպի ռուսական շուկա և ԱՊՀ անդամ պետություններ։

Դեռ օգոստոսի վերջին Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել էին համատեղ ստեղծել լաբորատորիա, որը կզբաղվի կորոնավիրուսի ուսումնասիրությամբ։

Լուսանկարը՝ Xinhua/Facebook/Zhang Yuwei

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter