HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոլիա ջուր» ընկերության պարզաբանումը «Հետքի» հոդվածի վերաբերյալ

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել «Հետքի» «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում․ ինչն է մնում հանրային վերահսկողությունից դուրս» հոդվածի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Վեոլիա Հայաստանը, նպատակ հետապնդելով բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը, ինչպես նաև բարձրացնել ծառայությունների սպասարկման որակը, սկսել է իրականացնել բարեփոխումներ և արդյունավետության բարձրացման աշխատանքներ՝ անցում կատարելով դեպի ավելի թափանցիկ գործելաոճի։ 

Այս համատեքստում, ծանոթանալով hetq.am–ի «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում. ինչն է մնում հանրային վերահսկողությունից դուրս» հրապարակմանը, հարկ ենք համարում ձեզ և մեր քաղաքացիներին ներկայացնել մոնիթորինգի ամբողջական գործընթացը՝ թյուրըմբռնումներից խուսափելու և ապատեղեկատվության տարածումը դադարեցնելու նպատակով։  

Յուրաքանչյուր տարի Վեոլիա Հայաստանն իր պարտավորությունների շրջանակում ՀԾԿՀ–ին ներկայացնում է ծառայությունների մատուցման առաջարկվող սակագների հաշվարկ՝ անհրաժեշտ հիմնավորումներով։ Հաշվարկը ներկայացվում է ընթացիկ տարվա գործող սակագների գործողության 1 տարին լրանալու օրվանից ոչ ուշ, քան 101 և ոչ շուտ, քան 116 աշխատանքային օր առաջ։ 

Լիցենզիայի 28-րդ կետի համաձայն՝ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում ՀԾԿՀ-ն կարող է իրականացնել ընկերության գործունեության մոնիթորինգ։ Լիցենզիայի թիվ 3 հավելվածով սահմանված են բազիսային սակագների ճշգրտման  ենթակա հետևյալ գործոնները՝ մանրածախ ջրամատակարարման ծավալ, սղաճ և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն։

 ՀԾԿՀ-ն, բազիսային սակագների ճշգրտման ենթակա գործոնների ուսումնասիրության ընթացքում, արդեն 4-րդ տարին անընդմեջ որոշում է կայացնում իրականացնել Վեոլիա Հայաստանի կողմից մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգ, ինչը անչափ ողջունելի է Վեոլիայի կողմից և միանգամայն համապատասխանում է ընկերության որդեգրած թափանցիկ գործելաոճին։

Մոնիթորինգի իրականացման նպատակով ստեղծում է աշխատանքային խումբ, որը բաղկացած է ոչ միայն ՀԾԿՀ աշխատակիցներից, այլև Ջրային կոմիտեի և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներից։

 Մոնիթորինգի իրականացման նախապատրաստման փուլում ՀԾԿՀ-ն ընկերությունից պահանջում է մանրածախ ջրամատակարարման ծավալների վերաբերյալ տեղեկատվություն՝ իր կողմից սահմանված ձևաչափով։ Մասնավորապես, ոչ բնակիչ բաժանորդների վերաբերյալ տեղեկատվություն՝ անհատական միացումների ամենամսյա ծախսեր, առևտրային հաշվառքի սարքերի /ջրաչափերի/ գործարանային համարներ, դրանց փոխարինման ժամկետներ, դրանց վրա տեղադրված հոլոգրաֆիկ կնիքներ, ցուցմունքներ և դրանց գրանցման ամսաթվեր, ինչպես նաև գործունեության ոլորտ, տեսակ, ֆինանսավորման աղբյուր և այլն։ Աշխատանքային խմբի կողմից այդ ցանկից, Վեոլիա Հայաստանի համար անհայտ չափորոշիչներով, շուրջ 40  հազ. միացումներից առանձնացվում է ստուգման ենթակա 3-4 հազ. միացումների ցանկ։ Ընկերության հետ համաձայնեցվում է բացառապես մոնիթորինգի դաշտային աշխատանքների իրականացման ժամկետները, որը սովորաբար տևում է 1-1,5 ամիս։

Մոնիթորինգ իրականացնող խմբերը, բացառապես միայն տվյալ օրվա ստուգման համար նախատեսված ցանկն իրենց հետ ունենալով, միաժամանակ այցելում են Վեոլիա ընկերության Առևտրային տեղամասեր և ընկերության համապատասխան պատասխանատուների ուղեկցությամբ ձեռնամուխ լինում ցանկում նշված բաժանորդներին այցելելով և ուսումնասիրություններ կատարելով։ Օրվա ավարտին ցանկը հանձնվում է ՀԾԿՀ, իսկ հաջորդ օրն արդեն տրամադրվում է այլ ցանկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter