HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարել են առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի ներանոթային միկրոպարույրներով օբլիտերացիա՝ COVID-19 հիվանդությամբ՝ թոքաբորբ ունեցող հիվանդին։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ հանրային կապերի բաժինը:

49-ամյա հիվանդն անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գորիսի» բժշկական կենտրոն: Կատարված գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննությումբ հայտնաբերվել էր սուբարախնոիդալ, ներփորոքային արյունազեղում: Նախապես կապ հաստատելով «Հերացի» համալսարանական հիվանդանոցի  նյարդավիրաբուժական ծառայության հետ՝ հիվանդին Գորիսից սանավիացիայով տեղափոխել են Երևան և շտապօգնությամբ հասցրել համալսարանական հիվանդանոց՝ վիրահատական բուժման նպատակով:

Շտապ կարգով կատարվել է գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննություն, գլխուղեղի ԿՏ-անգիոգրաֆիա, որով հայտնաբերվել է առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմա, շուրջը՝ ծավալուն սուբարախնոիդալ արյունազեղում։

Բժիշկներ Սևակ Բադայանին և Լեռնիկ Գրիգորյանին գրեթե երեք ժամ տևած վիրահատության արդյուքնում հաջողվեց կատարել առաջային կապակցող զարկերակի պատռված անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա միկրոպարույրներով: Հաշվի առնելով հիվանդի մոտ COVID-19 ՊՇՌ քննության դրական արդյունքը՝ նախապես կապ է հաստատվում առողջապահության նախարարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն ծառայության ղեկավարության հետ, որից հետո հիվանդը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով։

Դեղորայքային բուժումից հետո կատարվում է ՊՇՌ կրկնակի թեստավորում, և երկու բացասական արդյունք ստանալուց հետո հիվանդը կրկին տեղափոխվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Հաշվի առնելով ստորին վերջույթների նոր առաջացած թուլությունը և կրկնված ԿՏ քննությամբ հակացուցումների բացակայությունը՝ հիվանդին կատարվում է կրկնակի ախտորոշիչ անգիոգրաֆիա սպազմոլիտիկների ներզարկերակային սելեկտիվ ներարկումով։

Հիվանդը վիրահատությունից հետո էքստուբացվել է և բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոնում շարունակելու նպատակով օրեր անց դուրս գրվել բարելավումով՝ գիտակից, ինքնուրույն շնչառությամբ, խոսքի արտաբերման և խոսքը հասկանալու ֆունկցիայի պահպանումով, ստորին վերջույթների մնացորդային թուլությամբ՝ պայմանավորված պերիֆերիկ աքսոնալ պոլինեյրոպաթիայով:

Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է լայնացում (պարկաձև կամ իլիկաձև): Գլխուղեղի անոթների անևրիզման հանդիմպում է բնակչության 1-5%-ի մոտ:

Դրանք վերջերս ավելի հաճախ են հանդիպում արդի նեյրովիզուալիզացիոն՝ ՄՌՏ, ԿՏԱ հետազոտութունների շնորհիվ: Կանանց մոտ անևրիզմաների հանդիպման հաճախականությունը մոտ 3 անգամ բարձր է: Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է: Պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ: Շտապ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում հիվանդի կյանքին կարող է վտանգ սպառնալ:

Անևրիզմայի առաջացման հիմնական պատճառն արյան բարձր ճնշումն է, այդ թվում՝ հիվանդության առկայությունն ընտանիքում, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter