HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«P/F. Արամ Պաչյանի «սափորած ասելիքը»

Նա այն զգացողությունն ունի, որ իր գոյությամբ իր իսկ ճանապարհն է ուղեփակում: Այս վիճակը, սակայն, նրա համար ապացույց է, որ ինքը դեռ ողջ է: Ֆ. Կաֆկա «Աֆորիզմներ»

Մի փոքրիկ ժողովածուի մեջ, որ կոչվում է «Սիրահարի զրույց» (Fragments d'un discours amoureux -1977), ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ Ռոլան Բարթը, փորձ է անում բացատրել մարդկության ամենահզոր  զգացմունքներից մեկը՝ սիրահարվածությունը: Ֆրագմենտների ձևով գրված այդ ստեղծագործության մեջ  Բարթը պնդում է, որ ժամանակակից հասարակությունը չի տիրապետում այնպիսի մի լեզվի, որով հնարավոր կլիներ քննարկել սեր հասկացությունն ու բացատրել այն: Սա հստակորեն անհանգստացնում է հեղինակին, քանզի, ըստ նրա, ճիշտ գիտակցված սերը կարող է ծաղկել՝ բերելով խորն ու երկարատև բավարարվածություն, դառնալ անսպառ էներգիայի ու ոգեշնչման աղբյուր: Եվ հակառակը, չարաշահման դեպքում, այն կարող է վերածվել հոգեբանական անսքող ցավի, դառնալ ինքնասպանության շարժառիթ, կամ այնպիսի խորը հետքեր թողնել, որ թարախոտ վերքի նման ընդմիշտ  կաղավաղի մարդու ներքնաշխարհը:

Ինչպես տեսնում ենք, խաղադրույքները բարձր են:

Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել այսպիսի ողբերգական վերջաբանից: Գրքի եզրափակիչ էջերում Բարթը պատասխանի նման մի բան է ակնարկում. մեզ կօգնի արևելյան «Զեն» և «Տաո» փիլիսոփայություններով ներշնչված սերը, որը հրաժարվում է մոլուցքից և ընդունում է իրերի անցողիկ բնույթը: Գիտակցելով, որ սիրային հարաբերությունների դժվարությունները բխում են սիրված էակին այս կամ այն ​​ կերպ սեփականացնելու անդադար ցանկությունից, սուբյեկտը պիտի որոշում կայացնի՝ հրաժարվել ամեն տեսակ «տիրանալու կամքից»:

Արամ Պաչյանի «Ֆրագմենտները» նվիրում ունեն.

«Զեն-բուդայական դպրոցի իմ ուսուցիչներին»:

Այդ ֆրագմենտները նույնպես սիրո մասին են՝ տիեզերական, ամբողջական, կյանքի ու դրա «մանրուքների» նկատմամբ սիրո մասին: Բայց նա ոչ դեկոնստրուկտ է անում այդ սերը, ոչ էլ բացատրում այն: Պաչյանն արել է արդեն դա իր նախորդ՝ «Ցտեսություն, Ծիտ» վեպում, երբ բժշկական փոքրիկ դանակը ձեռքին փորփրում էր սեփական չարօրակ ուռուցքը:

 Պաչյանի Ֆրագմետները one-man show են՝ իր խոսքերով «մենակի մի տեսակի» մասին: Նրա անսեռ մարդասիրությունը ազատ ասոցիացիաների, ակնարկների ու պատրանքների մի պատկերագիրք է, որ միջին ուժգնության հողմի պես պտտվում է ժամանակի խենթ կոնցեպտի շուրջ՝ երբեմն ձգելով իրադարձությունների թելը երկար, անվերջ, երբեմն էլ՝ դրանց վերջը տալով աչքի մեկ թարթելու ընթացքում:

Հեղինակի ներքին մենախոսությունը, որ հաճախ Գիտակցականի հոսք-ի (Stream of Consiousness) պայծառ օրինակ է, Ջոյսի ու Ֆոլկների նման խաթարում է պատմողական կառուցվածքը, փոխարինում ոչ միայն առանձին ֆրագմենտների սյուժեին, այլ նաև ամբողջ վեպի դրամատուրգիային:

Պատմիչի հուզական ֆրագմենտարությունը հայելային պատկերի ճշգրտությամբ ցույց տալու համար, ինքն իր հետ ծանոթացող Պաչյանը, մեկ էլ տեսար, դիմում է Մալարմեի տարածությանն ու շարահյուսությանը: Դրան երբեմն ավելանում է բառերի սոնորիստիկ դադաիստական շերտավորումը՝ առաջացնելով ֆոնետիկ երկիմաստություններ ու անորոշություններ (թերևս սա է մղել Արամ Հովհաննիսյանին՝ Պաչյանի «­­Ֆրագմենտներ»-ի հիման վրա գրած իր ստեղծագործության երկրորդ հատվածում դիմել Կուրտ Շվիթերսի Ursonate-ի լեզվին):

Գիտակցված ենթագիտակցության բեռի տակ կքված ու ինքն իրեն լքած Պաչյանը հաճախ

շարժման ու անշարժի, գնալու ու մնալու, ձմռան ու գարնան, Արամի ու Սևի արանքում մնացած զոմբիացած մեկն է, որ ժամանակ առ ժամանակ վերածվում է գյուղի եկեղեցու տեր հոր մոտ շտապող պատանյակի՝ խոստովանության համար:

Երբ հորինած բառերը չեն հերիքում, նա զարհուրելիության հասնող անհուսալի սենտիմենտալությամբ ու գեղագիտական մոլուցքով դիմում է Սյոռայի պուանտելիզմին, կյանքի գովքն անում, ապրելու մոլուցքով տարված իր սիրած «Ծիտ» քաղցկեղի եզրերը լիզում, վերքերը սպիացնում: Կյանքին անսքող սիրահարված Պաչյանն իր կապվածություններով խոցելի է, ու ինքը գիտի դա:

Վերջաբան կամ

Ասք Գետառի մասին

Հետզհետե խտացող անցյալի, ներկայի ու վարագույրի ետևից թափանցող ապագայի կտորտանքները Պաչյանն ամրացնում է ճապոնական Քինցըգի տեխնիկայով: Ու այդ ոսկեջրած մածուկն այս անգամ Գետառն է: Հայնե/Շուման-ի պոետի նման («Պոետի սերը») Պաչյանի անսպասելի պոստլյուդիան ձոն է մի գետի, որի մեջ նա թողնում է իր հիշողությունները, սերն ու երգերը: Սա ասերգ է աղբի մասին, որին ամեն մի Հռենոս կնախանձեր: Սեփական վերքերը լիզող կատվի նման, իրեն Գետառին նույնացրած հեղինակը անցավ ապրում է իր էկզիստենցիալ միայնությունը:

Ու այդ միայնության մեջ Պաչյանն «օգնություն չի խնդրում»: Նա դրա կարիքը չունի:

Ես հանգիստ եմ նրա համար:

Մարինե Կարոյան, դաշնակահար, երաժշտագետ, ԱՐէ մշակութային հիմնադրամի ղեկավար

լուսանկարը՝ Անուշ Քոչարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter