
ԱՄՆ-ն հայտարարել է 2024 թվականին Լուսին աստղագնացներ ուղարկելու պլանների մասին
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը հայտարարել է «Արտեմիս-3» տիեզերական ծրագրի իրականացման նպատակով 28 միլիարդ դոլարի հատկացման մասին։ Ծրագրով նախատեսվում է կազմակերպել երկրորդ թռիչքը դեպի Լուսին։ Այդ մասին գրում է «BBC»-ն։
Անձնակազմը բաղկացած է կլինի երկու աստղագնացից՝ կին և տղամարդ։ Թռիչքը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին, սակայն դա կախված կլինի նրանից, թե ինչքան արագ Կոնգրեսը կհաստատի լուսնային մոդուլի ստեղծման նպատակով 3,2 միլիարդ դոլարի հատկացման նախագիծը։ Դեպի Լուսին թռիչքի ծրագրի մեկնարկով Սպիտակ տունը ցանկանում է վերականգնել տիեզերքում ամերիկյան առաջնորդությունը։ Աստղագնացները կթռչեն «Օրիոն» տիեզերանավով։ Վերջինս նոր սերնդի տիեզերանավ է, որը նախատեսված է տիեզերքում հեռահար թռիչքների համար, այդ թվում նաև դեպի Մարս։
Եթե ծրագիրը բարեհաջող իրականացվի, ապա սա կլինի 1972 թվականից ի վեր մարդկության առաջին վայրէջքը Լուսնի վրա։ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդսթայնը նշել է, որ 28 միլիարդ դոլարը չորս տարվա ընթացքում կծախսվի «Արտեմիս-3» ծրագրի իրականացման վրա, որի ավարտին պետք է կայանա ամերիկացի աստղագնացների վայրէջքը Լուսնի վրա։ «Գումարի մեջ են մտնում SLS հրթիռի, «Օրիոն» տիեզերանավի ծախսերը, լուսնային մոդուլի ստեղծումը և, իհարկե, սկաֆանդրները»,- հավելել է ՆԱՍԱ-ի ղեկավարը։
Նա ընդգծել է Կոնգրեսի հաստատումը շուտ ստանալու անհրաժեշտությունը, քանի որ արդեն 2021 թվականից անհրաժեշտ է սկսել իջեցվող օդաչուավոր սարքի կառուցումը։ Բացի այդ, 2021 թվականին կայանալու է Լուսնի շուրջը «Արտեմիս-1» անօդաչու փորձարարական առաքելության իրականացումը, որը կձգվի մեկ ամիս և որի ընթացքում կփորձարկվեն տիեզերանավի որոշ համակարգեր։
ՆԱՍԱ-ն գրեթե մեկ միլիարդ դոլար է վճարել մի քանի ընկերությունների, որոնք զբաղվում են իջեցվող սարքի մշակմամբ։ Այս տասնամյակի վերջում նախատեսվում է Լուսնի վրա ստեղծել «Արտեմիս» բազային ճամբարը, որը կունենա իր ենթակառուցվածքները՝ Երկրի արբանյակի երկարաժամկետ ուսումնասիրության համար։
«Արտեմիս»-ի հետ համեմատած, 1960-1970-ական թվականներին իրականացված «Ապոլոն» տիեզերական ծրագիրը արժեցել է մոտ 250 միլիարդ դոլար։ Ընդ որում, 28 միլիարդ դոլարը, որը հատկացվում է ներկայիս նախագծով, չի ներառում այն միջոցները, որոնք ծախսվել են «Օրիոն» տիեզերանավի և հրթիռի մշակման համար։
Լուսանկարը՝ NASA-ի
Մեկնաբանել