HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

DisrupTor գործողություն: ԱՄՆ-ում և Եվրոպայում ձերբակալվել է դարքնեթի 179 առևտրական

Ինը երկրների ոստիկաններ մասնակցել են դարքնեթում ոչ օրինական ապրանքների վաճառքով զբաղվող առցանց խանութների դեմ մասշտաբային գործողությանը։ DisrupTor անվանումը կրող գործողության արդյունքում ձերբակալվել է 179 մարդ, որոնց մեծամասնությունը Միացյալ Նահանգներից են։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Երեք մայրցամաքների տարածքներում իրականացված ստուգումների նպատակը «Wall Street Market» հարթակում առցանց խանութներն էին, որոնք վաճառում են թմրանյութեր, զինամթերք և Եվրոպայում ոչ օրինական համարվող այլ ապրանքներ։ Եվրոպոլը հայտնում է այդպիսի խանութների 179 սեփականատերերի ձերբակալման մասին, որոնք պատասխանատու են ոչ օրինական ապրանքների տասնյակ հազարավոր գործարքների իրականացման համար։ Եվրոպոլում վստահ են, որ սրանով վերջ է դրվում առցանց հարթակներում թմրավաճառության «ոսկեդարին»։

Ձերբակալված 179 անձանցից շատերը Միացյալ Նահանգներից են, որտեղ ձերբակալվել է 121 մարդ։ Բացի այդ, ենթադրյալ թմրավաճառներ են ձերբակալվել Գերմանիայում (42 մարդ), Նիդերլանդներում (8 մարդ), Մեծ Բրիտանիայում (4 մարդ), Ավստրիայում (3 մարդ) և Շվեդիայում (1 մարդ)։ Բացի այդ, գործողությանը մասնակցել են նաև ոստիկաններ Կանադայից, Ավստրալիայից և Կիպրոսից։ Տարածված հայտարարության մեջ, որպես գործողության նախաձեռնողներ, նշվում են Գերմանիայի ոստիկանությունը և հոլանդացի իրավապահները։

Ինչպես հայտնում են Եվրոպոլում, ստուգումների ժամանակ առգրավվել է կես տոննա թմրամիջոց, ներառյալ Ֆենտանիլ ափիոնատիպ միջոց, Օքսիկոդոն և Հիդրոկոդոն, ինչպես նաև «փողոցային» թմրանյութեր՝ հերոին, կոկային, ՄԴՄԱ և «Էքստազի» հաբեր։ Բացի թմրանյութերից առգրավվել է նաև 64 միավոր հրազեն։

Եվրոպոլի հայտարարության մեջ նշվում է, որ DisrupTor գործողությունը բաղկացած է եղել առանձին, սակայն համակարգվող գործողություններից։ Մի շարք երկրներում շարունակվում է դարքնեթ խանութներից գնորդների նույնականացման գործընթացը։ 

«Digital Shadows» ընկերության վերլուծաբան Քեյսի Քլարկի խոսքերով՝ այս գործողությունը լուրջ հարված է կիբերհանցագործությանը։ «Երեք տարի առաջ Alphabay և Hansa հարթակների ուղղությամբ գործողությունները վախեցրել են կիբերհանցագործներին, քանի որ դրան հաջորդել են նոր գործընթացներ, նույնիսկ ձերբակալություններից մի քանի ամիս անց։ «Wall Street Market»-ը եղել է իր ժամանակի ամենախոշոր հարթակը։ Ենթադրում եմ, որ Եվրոպոլը գործել է նույն սխեմայով և դրա համար էլ մենք այսօր իմացանք ձերբակալությունների մասին»,- նշել է նա։

Լուսանկարը՝ ice.gov-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter