HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես վերականգնել իշխանի պաշարներն ու այս ձկնատեսակը դարձնել ազգային բրենդ․ մեկնարկը տրված է

Երեւան-Սեւան-Վարդենիս ճանապարհին՝ Լճափ գյուղից դեպի Բերդկունք տանող մայրուղու ձախ կողմում, մի ցուցանակ կա, որը հուշում է տարածքում իշխան ձկան խանութի գոյության մասին: Իրականում ցուցանակը դժվար է նկատել, բայց նկատելու դեպքում ճանապարհից թեքվել հաստատ արժե:

Այստեղ է գտնվում պետության կողմից հիմնադրված «Սեւան Ակվա» ՓԲԸ-ի ցանցավանդակային տնտեսությունը, որտեղ բուծվում են իշխանի ամառային եւ գեղարքունի ենթատեսակները (ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են անհետացած ենթատեսակներ):

Ցանցավանդակային տնտեսության պատասխանատու Համբարձում Համբարձումյանը, ով նախկինում աշխատել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ, ասում է, որ Սեւանի էկոհամակարգի փրկության եւ պահպանության վերաբերյալ պետությունն անցած տարիներին, թերեւս, 2 խոշոր ծրագիր է իրականացրել: Առաջինը Արփա-Սեւան թունելի շինարարությունն է, երկրորդը՝ իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակներում Կարճաղբյուրի գործարանի կառուցումը: Վարդենիս քաղաքի հարեւան Կարճաղբյուր գյուղում է գտնվում իշխանի մանրաձկան պետական գործարանը, որն իր գործունեությամբ փոխկապակցված է Լճափի ցանցավանդակային տնտեսությանը:

Ինչպե՞ս է աշխատում իշխանի արտադրության եւ իրացման համակարգը

Ամեն ինչ սկսվել է 2013 թ. դեկտեմբերին, երբ կառավարությունը որոշել է ստեղծել Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: Վերջինս էլ իր հերթին 2014 եւ 2015 թթ. հիմնել է «Սեւանի իշխան» եւ «Սեւան Ակվա» ՓԲԸ-ները, որոնցից առաջինն զբաղվում է մանրաձկան արտադրությամբ եւ ապրանքային ձկան վերամշակմամբ ու իրացմամբ, իսկ երկրորդը՝ ցանցավանդակային տնտեսությունում ծնողական կազմի եւ ապրանքային ձկան պահմամբ: 

Երկու ընկերությունների փոխգործակցությունը կարճ նկարագրությամբ ունի հետեւյալ տեսքը:

Ձկան բազմացման շրջանում Կարճաղբյուրի գործարանը տեղում եւ Լճափի տնտեսությունում պահվող ծնողական կազմից վերցնում է ձկնկիթ եւ կատարում բեղմնավորում, ինչից հետո այն ձկնկիթ-թրթուր-մանրաձուկ շղթայով դարձվում է կենսունակ առանձնյակ (մինչեւ 50 գրամ քաշով), ապա արձակվում բնական էկոհամակարգ՝ Մասրիկ եւ Կարճաղբյուր գետեր, որոնցից էլ ինքնուրույն մտնում է լիճ: Գործարանը տարեկան կարող է առավելագույնը մինչեւ 3 մլն հատ 50-գրամանոց մանրաձուկ արտադրել:

Աճեցված մանրաձկան մի մասն էլ գործարանից ուղարկվում է ցանցավանդակային տնտեսություն, որտեղ հենց լճի մեջ մեծանում է, եւ լավագույն առանձնյակներից հետո կրկին ընտրվում է ծնողական կազմ, իսկ մնացածն իրացվում է տեղում որպես ապրանքային ձուկ:

Ձկնկիթ ստանալու համար արդեն իսկ օգտագործված առանձնյակների մի մասը եւս դառնում է ապրանքային ձուկ, այսինքն՝ որպեսզի ամեն անգամ նույն ձկներից սերունդ չստացվի, եւ հետագայում ինբրիդինգի (ներազգակցական խաչասերման) խնդիր չառաջանա, սերունդ տալու համար կիրառված առանձնյակներն ուղարկվում են վերամշակման «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի մեկ այլ գործարանում, որը գտնվում է Արմավիրի Ջրառատ գյուղում, եւ հանվում են շուկա (պատրաստվում են, մասնավորապես, թարմ պաղեցված ձուկ, ձկան ֆիլե, պահածոներ): Այդուհանդերձ, կան էգ առանձնյակներ, որոնք Կարճաղբյուրի գործարանում պահվում են մինչեւ 7 տարի եւ հարուստ սերունդ են տալիս:

Այս պահին, օրինակ, գործարանը մինչեւ 6 տարեկան մայրեր ունի, բայց դրանք խաչասերվում են տարբեր արուների հետ, որ ինբրիդինգ տեղի չունենա: Լճափի ցանցավանդակային տնտեսությունը, որն, ինչպես ասվեց, ոչ միայն ծնողական կազմ է պահում, այլեւ ապրանքային ձուկ, հենց տեղում՝ լճի ափին, սպառողին է առաջարկում կենդանի ձուկ՝ մանրածախ ու մեծածախ:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված իշխանի որսն արգելված է՝ Լճափի տնտեսությունը բացառիկներից է մեր երկրում, որ սպառողին առաջարկում է տարբեր քաշերի կենդանի իշխան ձուկ (շեշտենք՝ իսկական իշխան)՝ միանգամայն օրինական: Այսինքն՝ այստեղ իրացված ձկներից ստացված եկամուտն ուղղվում է նույն իշխանի պաշարների վերականգնմանն ու ձկնաբուծության զարգացմանը, ինչն, իհարկե, բացառվում է ձկնագողերի պարագայում:

Ինչու՞ պետությունն ինքը ստանձնեց իշխանի վերարտադրության գործը

Նախկինում պետությունն իշխանի մանրաձուկը գնում էր հիմնականում Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններից, սակայն հետո պարզվել է, որ գիտական տեսանկյունից սխալները շատ են:

Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի ղեկավար Տիգրան Վարդանյանը բացատրում է. «Հայտարարվում էին տենդերներ, տարբեր ձկնաբուծական տնտեսություններից՝ որոշ ժամանակ փորձաքննություն անցած, որոշ ժամանակ՝ չանցած, մանրաձուկ էր գնվում, որը երբեմն կարող էր չլինել իշխան (այսինքն՝ մասնավոր բուծողները պետությանն իշխանի անվան տակ նաեւ այլ ձուկ են վաճառել- «Հետք»): Օրինակ՝ Սեւան թափվող գետերում կարմրախայտ չի եղել, իսկ այսօր դրանց ստորին հոսանքներում կարմրախայտ կա, չի եղել նաեւ ծիածանափայլ ֆորել, որն այսօր կա (ծիածանափայլ ֆորելն այն ձուկն է, որն այսօր հանդիպում ենք խանութներում իշխանի անվան տակ, իրականում դրանք նույն ընտանիքի (սաղմոնազգիների), բայց տարբեր տեսակի ձկներ են- «Հետք»)»:

Մասնագիտությամբ ձկնաբան Վարդանյանն ասում է, որ պետությունը 3-5 գրամ կշռող մանրաձկան հատը նախկինում ձեռք է բերել 160 դրամով, բայց հիմա սեփական միջոցներով արտադրելիս այդ գինն իջել է մինչեւ 60 դրամ, ինչն ահռելի տարբերություն է, եթե հաշվի առնենք ամեն տարի Սեւանի ավազան արձակվող ձկան զանգվածը՝ մի քանի հարյուր հազար հատ: Այս տարի, օրինակ, էկոհամակարգ են բաց թողել մոտ 580.000 հատ մանրաձուկ: Գնի տարբերությունը, Տ. Վարդանյանի փոխանցմամբ, պայմանավորված է աշխատանքին գրագետ մոտենալով, ինչի արդյունքում, մասնավորապես, նվազում է մանրաձկան անկումը:

«Կա աշխատանքային խումբ, որը հիմնադրամի  առաջարկով ստեղծվել է բնապահպանության նախարարի կողմից 2016-ին,- պատմում է Տ. Վարդանյանը,- խումբը համակարգում է մանրաձկան բացթողման աշխատանքները՝ որ տարածքում ենք բաց թողնում մանրաձուկը, քանի հատ, ինչ քաշի: Այսինքն՝ ամեն ինչ ավելի թափանցիկ ու գրագետ է արվում»: Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, շատ կարեւոր է, որ իշխանի պաշարների վերականգնման ծրագիրը պետությունն իր ձեռքն է վերցրել, եւ պետական միջոցներով չի հարստանում ինչ-որ մասնավոր, այլ այդ գումարները շրջանառվում են նույն նպատակի համար:

«Տարիների ընթացքում ինչքան գործարաններ կային, ինչքան խալերով ձուկ կար, անունն իշխան էին դնում, բուծում էին»,- իր հերթին ասում է Լճափի տնտեսության պատասխանատու Հ. Համբարձումյանը՝ այդ հանգամանքով բացատրելով խառնածին ձկների մեծ քանակը Սեւանում:

Փոխարենը հիմա «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն Կարճաղբյուրում զբաղվում է իշխանի սելեկցիայով, որպեսզի լճի էնդեմիկ այս ձկան գեները մաքուր լինեն, եւ Սեւանում բնակվի հենց իշխան, ոչ թե, օրինակ, ծիածանափայլ ֆորել կամ որեւէ հիբրիդ:

Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կայքում նշվում է, որ իշխանի պաշարները ժամանակի ընթացքում 30.000-ից դարձել են 300 տոննա:

Ըստ հիմնադրամի՝ հատկապես տուժել են Սեւանա լճում կլիմայավարժեցված ու վերջին տասնամյակների ընթացքում հիմնական որսաձուկ հանդիսացող սիգի պաշարները, իսկ, իշխանից բացի, մյուս երկու էնդեմիկները՝ Սեւանի կողակն ու Սեւանի բեղաձուկը՝ որպես վերացող ձկնատեսակներ, նույնպես ընդգրկվել են Կարմիր գրքում: Բացի դրանից՝ լճում հայտնվել են նոր, տնտեսապես ոչ արժեքավոր ձկնատեսակներ՝ արծաթափայլ կարաս, ամուրյան նրբաձկնիկ, արեւելյան տառեխիկ: «Այդ ձկնատեսակները, որոնք Սեւանա լճում չունեն իրենց քանակը կարգավորող այնպիսի գիշատիչ, ինչպիսին իշխանն է, կարող են կարճ ժամանակահատվածում արագորեն բազմանալ ու անդառնալի վնաս հասցնել լճի էկոհամարգին»,- ասվում է հիմնադրամի կայքում:

Վերջինս հավելում է, որ իշխանի պահպանումը եւ դրա պաշարների վերականգնումը կարող է նպաստել ինչպես լճի էկոհամակարգի վերականգմանը, այնպես էլ բարձրորակ սննդի աղբյուր լինել բնակչության համար: Նաեւ այս առումով է կարեւորվում Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի առկայությունը:

Ըստ Տիգրան Վարդանյանի՝ հիմնադրամի նպատակներից մեկը (բացի իշխանի վայրի պոպուլյացիան վերականգնելուց) մեր երկրում հենց իշխանի բազայի վրա արտադրական ձուկ ունենալն է, որը կփոխարինի, օրինակ, Ֆրանսիայից, Նորվեգիայից ու նույնիսկ Աֆրիկայից ներկրվող ձկներին, այդ թվում՝ ծիածանափայլ ֆորելին: Վերջինիս հայրենիքը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, սակայն բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, աճեցվում է որպես ակվակուլտուրային ձուկ ու մարդկային գործոնի հետեւանքով որոշակի քանակով հայտնվել է նաեւ Սեւանում:

«Ծիածանափայլ ֆորելը իշխանի պես գիշատիչ է, բայց կարող է սնվել Սեւանի էնդեմիկ տեսակների մանրաձկով, այսինքն՝ սննդային շղթայում կարող է խնդիրներ ստեղծել: Այդ ձուկն ավելի արագ է աճում, ավելի պինդ իմունիտետ ունի: Ամեն ինչ պետք է անել, որ Սեւանին անսովոր ձուկը քիչ լինի լճում»,- նշում է ձկնաբանը:

2015-ից մինչ օրս Սեւանի էկոհամակարգ են արձակվում պետության միջոցներով արտադրված ամառային իշխանն ու գեղարքունին (ամենասկզբում ծրագիրը եղել է պիլոտային, եւ մանրաձուկն արտադրվել ու աճեցվել է մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ): «Համոզված եմ, որ այս երկու ենթատեսակներն արդեն փրկվել են, խնդիր չկա,- ասում է «Սեւան Ակվա» ՓԲԸ-ի աշխատակից Համբարձում Համբարձումյանը,- մենք բավական մեծ քանակությամբ մանրաձուկ ենք աճեցնում եւ լցնում լիճ ու անհրաժեշտության դեպքում կարող ենք բազմապատկել այդ քանակություները»։  

Իշխանը փախավ տնտեսությունից ու ընկավ որսագողերի ձեռքը

«Սեւան Ակվա» ընկերության Լճափի տնտեսության 12 ցանցավանդակները գտնվում են ափից մոտ 200-300 մ հեռավորության վրա են: Դրանք ունեն 18 մ խորություն: Տ. Վարդանյանն ասում է, որ ձուկը տեսակավորված է ըստ ենթատեսակի ու տարիքի: Ցանցավանդակներից 2-ը մեր այցի պահին դատարկ էին:

Համբարձում Համբարձումյանի ասելով՝ այստեղ կարելի է մինչեւ 200 տ ծնողական կազմ ու ապրանքային ձուկ մեծացնել, սակայն ներկա պահին առկա է մոտ 70 տ: «Հետքի» զրուցակցի ասելով՝ իրենց ցանկությունն է, որ ցանցավանդակային տնտեսության ներուժը հասցվի գոնե 2000 տոննայի: «Իրացում չենք կարողանում կազմակերպել։ Եթե պահանջարկ լինի, կարող ենք արտադրությունն ավելացնել»,- ասում է Համբարձումյանը՝ հավելելով, թե չինացիների ու արաբների հետ պայմանավորվել էին, որ վերջիններս պետք է այցելեին տնտեսություն, սակայն կորոնավիրուսի համավարակը խանգարել է: Ըստ պատասխանատուի՝ համավարակն ազդել է նաեւ ներքին վաճառքի վրա:

Թե՛ Տ. Վարդանյանը, թե՛ Հ. Համբարձումյանը նշում են, որ նախապես ծրագրվել էր ավելի շատ ցանցավանդակային տնտեսություններ ունենալ, սակայն առայժմ կառուցվել է միայն մեկը:     

«Այս տնտեսությունն ապահովում է ծնողական կազմը եւ այն ապրանքային քանակը, որը քիչ-քիչ պետք է մտնի շուկա ու ճանաչելի դառնա,- Լճափի տնտեսության մասին ասում է Տ. Վարդանյանը,- ակնկալում ենք, որ երբ լճում պատշաճ պահպանություն լինի, այս ցանցավանդակները միգուցե փոխարինվեն Սեւանա լճով, այսինքն՝ դրանք չեն լինի կամ կլինեն միայն ծնողական կազմի համար, ու լճում մեծ քանակությամբ կենսառեսուրս կունենանք: Ընդհանուր նպատակը բիզնեսը կամ էստեղից գումարներ հանելը չէ, այլ ավելի հեռանկարային հարցեր, խնդիրներ լուծելը։ Ի վերջո, եթե այս ձուկը չլիներ ցանցավանդակներում, սիգի պես շուկայում հատը 100 դրամով վաճառվելու էր։ Վստահ եմ ասում սա»։

976A3256.jpg (1.33 MB)

Ցանցավանդակային տնտեսությունն ի սկզբանե՝ 2016-ի հուլիսից, գործել է Մեծ Սեւանում՝ Կարճաղբյուրի ափից 8 կմ հեռավորության վրա: Բայց Տ. Վարդանյանն ասում է, որ եթե Լճափի տնտեսության հատվածում Սեւանի խորությունը 42-45 մ է, ապա Կարճաղբյուրի մոտ ավելի ծանծաղ էր, իսկ լճի գրունտն էլ ավելի տղմային էր, ինչի պատճառով նյութեր էին անջատվում, որոնք ձկան համար նպաստավոր պայմաններ չէին ստեղծում։ Մեծ Սեւանում եւս տեղադրված էր 12 ցանցավանդակ, ինչին զուգահեռ ծրագիր կար Փոքր Սեւանում՝ Բերդկունքի հարեւանությամբ, 4 նոր տնտեսություն հիմնել՝ ընդհանուր 48 ցանցավանդակով: Սա առաջացրել էր բնապահպանական կազմակերպությունների անհանգստությունը:

«Երբ մասնագետներով սկսեցինք հաշվել, թե ձկան համար ինչքան կեր պիտի օգտագործենք, ինչքան թափոններ կլինեն, արտաթորանք, ազոտ եւ այլն, SOS միացրեցին (նկատի ունի բնապահպանական կազմակերպություններին- «Հետք»), թե եկեք փրկենք մեր Սեւանը, որովհետեւ այդ ձեռնարկությունը մեծ վնասներ է տալիս,- պատմում է Հ. Համբարձումյանը:- Քանի որ աշխատել եմ մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ, այս բնագավառը 5 մատիս պես գիտեմ: Մենք շատ ունենք խոզ պահողներ, հենց գետերի մոտ գոմեր ունեն ու երբ մաքրում են կեղտը, դա գնում է լիճ: Մոտավորապես 3-4 խոզամայրի արտադրած կեղտի քանակությամբ վնաս պետք է տա այս ցանցավանդակային տնտեսությունը»։ Գործընկերոջ ասածը հաստատում է նաեւ ձկնաբան Տիգրան Վարդանյանը:   

Կարճաղբյուրի ցանցավանդակային տնտեսությունը երկար կյանք չի ունեցել՝ 1,5 տարի: 2017-2018 թթ. ձմռանը «աղետ» է տեղի ունեցել: Վարդանյանը պատմում է, որ այն ժամանակ ձմռանը ցանցավանդակները չէին «կոնսերվացնում» ու իջեցնում ջրի տակ: Եվ ահա այդ պարագայում 2017-ի ձմռանը Սեւանը պատվել էր սառույցի հաստ շերտով, որն ավելի ուշ սկսել էր շարժվել ու կտորների բաժանվել: Սառույցի մեծ զանգվածներն իրենց ուժով կարողացել էին պոկել-տանել հաստ շղթաներով ափին ամրացված ցանցավանդակները: Ըստ Տ. Վարդանյանի՝ շուրջ 95 տ ձուկ էր փախել տնտեսությունից, եթե ոչ ավելի: Դրանցից պիտի ծնողական կազմ ստացվեր, ինչի հետեւանքով ստիպված են եղել կրկին նման կազմ հավաքել:

Այդուհանդերձ, ձկնաբանն ասում է, որ ձուկը կենսունակ էր ու փախել է իր բնական միջավայր. «Հիմա լիճ փախած այդ ձուկը կարելի էր պահպանել լճում, որ դառնար ծնողական կազմ կամ հետագայում բազմանալու գնար, որովհետեւ ունակ էր, վայրի էր ու ծիածանափայլ ֆորել չէր, որ վախենայինք: Բայց ի՞նչ եղավ. որսացին, պարկերով վաճառեցին ամենաանմարդկային ձեւով։ Այդ ժամանակ 2-կիլոյանոց իշխանի հատը 500-1000 դրամով էր վաճառվում»։

Խոսելով Լճափի տնտեսության անվտանգության մասին՝ Տիգրան Վարդանյանը ցույց է տալիս ցանցավանդակների մոտ տեղադրված լուսարձակները, որոնք միացվում են գիշերը: Տարածքը նաեւ սահմանազատված է լողացող նշաններով. «Էստեղ մոտենալ չեն կարող, բոլորը գիտեն, բույոկից էս կողմ չեն մոտենում, տարածքում զգուշացրել են մեր տղաները, ասել են, որ սա պետական է, չի կարելի մոտենալ, նաեւ անվտանգության աշխատակիցներ ունենք, անվտանգության համակարգ՝ ռադարներ»: Մեր զրուցակցի ասելով՝ ռադարներով հսկում են ոչ միայն ջրի մակերեսը, այլեւ դրա խորքը, ինչը կարեւոր միջոց է արկածախնդիր որսագողերի ոտնձգություններից ռազմավարական նշանակություն ունեցող իշխանի պաշարները պաշտպանելու համար: Ցանցավանդակների հարեւանությամբ է նաեւ անվտանգության աշխատակիցների տնակը:

«Սեւանի իշխան» եւ «Սեւան Ակվա» ընկերությունները իշխանին կերակերում են հոլանդական թանկ կերով, որն արտադրվում է Գերմանիայում: Հայկական կողմն արտասահմանցի մասնագետների հետ համագործակցում է այլ բնագավառներում եւս: «Իրենք ունեն տեխնիկապես հագեցած լաբորատրիա ու լավ մասնագետներ, որոնք զբաղվում են ձկան ինբրիդինգի, հիվանդությունների եւ այլ հարցերով: Մեր մասնագետներին ուղարկում ենք նրանց մոտ վերապատրաստման։ Իրենք էլ հաճախ են այցելել մեզ: Ընդհանուր մասնագիտական հմտությունները մեզ մոտ բարձր մակարդակի վրա են դրված, անգամ մտածում ենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք խորհրդատվություն տրամադրել այլ ձկնաբույծների»,- ասում է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի ղեկավար Տ. Վարդանյանը:

Խոսելով վայրի պայմաններում սնվող եւ ցանցավանդակների մեջ ապրող ապրանքային իշխանի տարբերության մասին՝ «Հետքի» զրուցակիցն ասում է, որ վայրի կերով սնվողների միսը մուգ վարդագույն է, իսկ տնտեսության ձուկն այդ վարդագույնը չունի, պատճառը նաեւ այն է, որ կերին քիմիա չի խառնվում: «Մեր նպատակը հենց այն է, որ իշխանը լինի ոչ թե ցանցերի մեջ, այլ իր էկոհամակարգում»,- նկատում է Վարդանյանը։

Իշխանի ծննդատունը

Խորհրդային տարիներին Սեւանի ավազանում 4 ձկնաբուծական տնտեսություն կար Կարճաղբյուրում, Գավառում, Սեւանում ու Լիճքում, որտեղ աճեցվում էր իշխան: Կարճաղբյուրի նոր գործարանի տարածքը պատահական չի ընտրվել: Տիգրան Վարդանյանն ասում է, որ առաջնային է եղել այնպիսի ջրի առկայությունը, որն առավելապես կհամապատասխաներ իշխանի ձկնկիթի ինկուբացիայի ու ծնողական կազմը պահելու համար: Դիտարկել են Լիճքի նախկին գործարանի տարածքը: Ի վերջո կանգ են առել Կարճաղբյուրի վրա, որտեղ նաեւ շարունակում է գործել արդեն մասնավոր սեփականատեր ունեցող հին գործարանը, սակայն քիչ քանակությամբ է ձուկ արտադրում:

Կարճաղբյուրում ուսումնասիրել են ջրի քանակը, ջերմաստիճանը, որակը: Կարեւոր է եղել եւ այն, որ տարածքն օգտագործելի չի եղել, սակայն մյուս կողմից՝ նոր ենթակառուցվածք հիմնելու համար խոշոր գումարներ են ծախսվել: «Տարածքը ճահճուտ է եղել՝ թփերով, փշերով պատված, բայց ամբողջությամբ մաքրվել է, դրենաժներ են կառուցվել, որոնցով չորացվել է: Սա ապահովագրում է տարածքը ջրի խոնավությունից, քանի որ դրենաժներով ջուրը հեռանում է տարածքից,- պատմում է գործարանի ղեկավարը,- հետո կառուցվել է կապտաժ, որտեղ կուտակվում է աղբյուրներից եկող ջուրը: Կապտաժից օգտվում է նաեւ գյուղը: Ջրի խնդիր չի առաջանում»:

«Հետքի» զրուցակիցը նշում է, որ Կարճաղբյուրի այս գործարանն իր արտադրական հզորությամբ ոչ միայն առաջինն է Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Ինչպես ասվեց վերեւում, այստեղ կարող է տարեկան մինչեւ 3 մլն հատ 50-գրամանոց մանրաձուկ աճեցվել: «Տնտեսությունը նախագծել եւ կառուցել է դանիական «Billund Aquaculture» ընկերությունը, որն աշխարհում ոլորտի առաջատար է: Իրենք են նախագծումն արել, կառուցել, սարքավորումների 90 տոկոսը Դանիայից է բերված։ Նմանատիպ տնտեսություններ կան Դանիայում, Նորվեգիայում, Չիլիում, եթե չեմ սխալվում, սա իրենց նախագծած տնտեսություների մեջ չափերով հինգերորդն է»,- ներկայացնում է Տ. Վարդանյանը՝ հավելելով, որ ներկայում ունեն 28 աշխատակից։

Գործարանի կարեւոր բնութագրերից մեկը ջրի ամբողջական փակ շրջանառու համակարգով (RAS) աշխատելն է, ինչը եւս, ըստ Վարդանյանի, այս կառույցը դարձնում է առաջինը տարածաշրջանում (կիսափակ համակարգով աշխատողներ կան). «Արտեզյան ավազանի ջուրն անխնա վատնելու փոխարեն կարելի է ջուրը վերցնել, շրջանառել մի քանի անգամ, հետո նոր բաց թողնել։ Սա նվազեցնելու է արտեզյան ավազանի ցամաքեցումը: Պետք է քիչ-քիչ հասնել նրան, որ Հայաստանի հարստություն ջուրը մեծ քանակությամբ չօգտագործվի, պետք է հստակ հաշվարկներով օգտագործել, այսինքն՝ եթե քեզ ձուկ պահելու համար ընդամենը պետք է վայրկյանում 10 լիտր ջուր, 1000 լիտր մի վերցրու, անիմաստ է, դու վատնում ես այդ ռեսուրսը»։

Գործարանում պահվող ծնողական կազմի ու ինկուբատորների համար օգտագործվում է միայն կապտաժից եկող թարմ ջուր, որը փակ համակարգի հետ կապ չունի: Մնացած ավազաններում պահվող ձկան ջուրը ֆիլտրվում է մեխանիկական ու կենսաբանական ֆիլտրերով։ Բիոֆիլտրերը զտում են ջրի մեջ առկա եւ ձկան համար վտանգավոր նիտրիտը (սա ձկների արտաթորանքից առաջացած ազոտի փոխակերպման հետեւանք է), ինչից հետո ջուրը հարստացվում է թթվածնով եւ նորից մտնում ավազաններ: Բացի դրանից՝ բոլոր ավազաններում ջրի 10-15 տոկոսն ամեն օր թարմացվում է:

Գործարանի ղեկավարը հավաստիացնում է, որ այստեղից դուրս եկող եւ Սեւան թափվող ջուրը լիճը սնուցող գետերից շատ ավելի մաքուր է: «Ընդհանուր համակարգն այնքան խելացի է ծրագրված, որ գործարանից դուրս եկող ջրերը մի հատ էլ մտնում են տիղմակայան՝ մաքրման կետ, որտեղ զտվում են, այսինքն՝ մեխանիկական մասնիկները, որոնք օրգանական նյութ են, ֆիլտրացիայի միջոցով վերցվում են որպես պարարտանյութ: Ներկա պահին պարարտանյութի արտադրության մասով դեռ անելիքներ ունենք, բայց այն տրամադրում ենք աշխատակիցներին, գյուղացիներին, ովքեր ցանկանում են, դրա մեջ ազոտի ու ֆոսֆորի մեծ քանակություն կա, եւ այն շատ օգտակար է»։

Քանի որ գործարանի առանցքային նպատակներից մեկը ոչ խառնածին, մաքուր գեներով իշխան ստանալն է, Տ. Վարդանյանը նշում է, որ գենետիկական ինստիտուտների հետ համագործակցելու ծրագրեր ունեն: Դրա արդյունքում արդեն գենետիկական նմուշների հիման վրա ձգտելու են բացառել ոչ միայն խառնածնությունը, այլեւ ինբրիդինգը: 

Գործարանի շենքի հարեւանությամբ կառուցված ավազաններում «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն ապրանքային իրացման համար աճեցնում է ծիածանափայլ ֆորել: Վերջինս, լինելով իշխանի ազգակից, նաեւ հարմար «հումք» է փորձարկումների համար: Դրանց կողքին նոր փորված ավազաններ են, որտեղ Տ. Վարդանյանն ու գործընկերները փոքր քանակի կողակ եւ բեղաձուկ են լցրել: Նրանք նպատակ ունեն զբաղվել նաեւ Սեւանի այս էնդեմիկների պաշարների վերականգնմամբ:

Գործարանն իշխանի ենթատեսակների մանրաձուկն էկոհամակարգ է բաց թողնում Կարճաղբյուր եւ Մասրիկ գետերում:

«Տարբեր չափերի ենք բաց թողնում, կենսաբաններով ուսումնասիրություններ արեցինք՝ հասկանալու, թե ձկան որ չափերն են ամենաարդյունավետը,- բացատրում է «Հետքի» զրուցակիցը,- ընտրեցինք Մասրիկ եւ Կարճաղբյուր գետերը, քանի որ դրանք միջին հոսանքից մինչեւ գետաբերան չեն չորանում հէկերի, ջրառի հետեւանքով, բացի դրանից՝ մոտ են գործարանին, բաց թողնելուց հետո կարողանում ենք վերահսկել, որ որսագողություն չլինի, նաեւ հարմար են հետազոտությունների համար, քանի որ անընդհատ հսկում ենք մեր բաց թողած մանրաձկան կենսական վիճակը: Օրինակ՝ հուլիսին արձակված մանրաձկներն արդեն սնվում են բնական կերով, մենք ուսումնասիրել ենք, աճի տեմպերը նորմալ են, հուսով ենք, որ չեն որսվի: Աշնանը, երբ գետերում ջրի ջերմաստիճանը կիջնի, մանրաձուկը կմտնի լիճ ու հետ կգա ձվադրման 2-3 տարի հետո, եթե, իհարկե, ողջ մնա»:

Իշխանը՝ Հայաստանի ազգային բրենդ

ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Վարդանյանն ասում է, որ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնումն իր երազանքն է, ու ներկայում իրականացվող ծրագրի հաջողություններով ինքն ուրախանում է։

«Երազանքներիցս է, որ Սեւանա լճում կանոնակարգվի ձկան որսը, այսինքն՝ ձկնագողություն տերմինը չլինի մեր առօրյայում։ Երազանքներիցս կամ նպատակներիցս մեկն էլ այն է, որ Սեւան թափվող գոնե երեք գետ պահպանվի, եւ դրանց գուցե տրվի արգելավայրի պետական ստատուս, որ աշխատակիցները հսկեն, որպեսզի դրանք չաղտոտվեն, ու հնարավոր լինի այդ գետերի բազայի վրա իշխանի բնական վերարտադրությունն ապահովել։ Մենք կհամարենք, որ իշխանը փրկված է, երբ տեսնենք ինքնավերարտադրվող վայրի պոպուլյացիան»,- նշում է «Հետքի» զրուցակիցը։

Գիտնականն ու մանրաձկան գործարանի ղեկավարը կարեւորում է նաեւ իշխանը որպես Հայաստանի ապրանքանիշ ներկայացնելու հարցը․ «Ժամանակին՝ մինչեւ 1960-ականները, աշխարհին իշխանը հայտնի է եղել որպես բարձրլեռնային լճի էնդեմիկ, շատ կարեւոր ձկնատեսակ, ուղղակի 1960-ականներից հետո պոպուլյացիան խզվեց, ու ձկնատեսակը մի տեսակ մարդկանց հիշողությունից ջնջվեց, սերունդներ փոխվեցին, բայց հիմա մեր առաջնային խնդիրներից է այն, որ իշխանը՝ որպես Հայաստանի ազգային բրենդ, ազգային հարստություն, ներկայանալի դարձնենք թե՛ արտասահմանում, թե՛, ինչու չէ, մեր երկրի ներսում»։

Առաջարկում ենք նաեւ կարդալ Սեւանա լճի ծաղկման մասին մեր հոդվածները

Մեկնաբանություններ (1)

Էվելինա Ղուկասյան
Հարկ եմ համարում շեշտել, որ այս ձկնաբուծարանը միակ պետական ձկնաբուծարանն է, որը կառուցվել է Անկախության տարիներին և սա կարող է դառնալ այն հենքը, որին օգտագործելով կարելի է իրականացնել պետական բնապահպանական ծրագրեր և կախված չլինել մասնավորի քմահաճույքներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter