HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի աշխատակազմն արձագանքել է «Նորքի» ինֆեկցիոնի աշխատակիցների բաց նամակին

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին:

Հիշեցնենք՝ «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները վարչապետին և նախագահին ուղղած բաց նամակում իրենց մտահոգությունն էին հայտնել այն փաստի վերաբերյալ, որ սեպտեմբերի 21-ին առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ ստացան պետական պարգևներ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, սակայն «Նորքի» աշխատկիցներից և ոչ մեկը պետական պարգևի չարժանացավ:

Նախագահի աշխատակազմի պատասխանում ասվում է հետևյալը.

«Սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր.«Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին, այդ կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել նրանց ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման Հանրապետության նախագահի նստավայր»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter