HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը. հիմնական ուղերձն ու օրենքի խախտումը

Սեպտեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, գաղտնի պայմաններում, տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որի մասին մինչ այդ պաշտոնապես չէր հայտարարվել։ «Белта» պետական գործակալությունը հայտնել է, որ երդմնականության արարողությունը կայացել է Անկախության պալատում, որը Լուկաշենկոյի աշխատանքային նստավայրն է։ Արարողությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ. բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, պետական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ղեկավարներ, գիտության, մշակույթի և սպորտի գործիչներ։ Լուկաշենկոյի երդման պաշտոնական արարողությունից հետո, ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան Լուկաշենկոյին է հանձնել Բելառուսի նախագահի վկայականը։

Երդմնակալության արարողության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «գունավոր հեղափոխությունների» պարտության մասին։ «Նախագահի պարտականությունների ստանձման օրը մեր բոլորիս համոզիչ և ճակատագրական հաղթանակի օրն է։ Մենք միայն երկրի նախագահ չենք ընտրել, մենք պաշտպանել ենք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, ինքնավարությունն ու անկախությունը: <...> Բայց մենք այն քչերի թվում էինք, գուցե և միակը, որտեղ «գունավոր հեղափոխություն» չկայացավ։ Եվ դա բելառուսների ընտրությունն էր, որոնք ոչ մի դեպքում չեն ուզում կորցնել երկիրը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է «Белта»-ն։

Երդմնակալության արարողության վերաբերյալ նախապես չէր հայտարարվել։ Բացի այդ, այն չի հեռարձակվել պետական հեռուստաընկերություններով և ռադիոյով։ Սա բելառուսական օրենսդրության խախտում է, քանի որ «Բելառուսի Հանրապետության նախագահի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ երդմնակալության արարողությունը ուղիղ եթերով պետք է հեռարձակվի պետական հեռուստաընկերություններով և ռադիոյով։ Այդ ժամին պետական հեռուստաընկերությունները ռուսական հեռուստասերիալներ են ցուցադրել։

Սեպտեմբերի 23-ի առավոտյան բելառուսական լրատվամիջոցները Անկախության պալատի մոտ նկատել էին ոստիկանության ավտոմեքենաներ, զինծառայողներ, այդ թվում նաև պատվո պահակախմբի վաշտից, կոստյումավոր անձանց Նրանց թվում է եղել նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Ռիժենկովը։ Ավելի ուշ Մինսկում փակվել են կենտրոնական երկու պողոտաները։ Այդ պողոտաներով Անկախության պալատ է ժամանել նախագահական շքախումբը։

Այն մասին, որ Լուկաշենկոն կարող է գաղտնի երդմնակալության արարողություն կազմակերպել, նախօրեին զգուշացրել էր բելառուսական Nexta տելեգրամյան ալիքը։ Վերջինս հայտնել էր երդմնակալության երեք հնարավոր ամսաթիվ. սեպտեմբերի 23, 27 կամ 28։ Օրենքով սահմանված է, որ Բելառուսի նախագահի պարտականությունների ստանձման արարողությունը պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններից ամենաուշը երկու ամիս անց։ Այսինքն այն պետք է կազմակերպվեր մինչև հոկտեմբերի 9-ը։

Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը համեմատել է «օրենքով գողի» թագադրման հետ։ «Այսօր մենք դարձել ենք վկան մի աննախադեպ իրավիճակի։ Հեռացող նախագահը, որը պնդում է, որ հավաքել է ձայների ավելի քան 80 %-ը, ինքնաերդմնակալության հատուկ օպերացիա է իրականացրել։ <...> Ճիշտն ասած, այս ամենը հիշեցնում է հերթական «օրենքով գողի» թագադրման «գողական հավաք»»,- Տելեգրամում գրել է Լատուշկոն։

Մինսկում կայացած երդմնակալության արարողությունից հետո մարդիկ սկսել են բողոքի ցույցեր կազմակերպել։ Ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ցուցարարների։ Բողոքի հիմնական ցույցերը սկսվել են 18:00-ին։ Հրապարակված կադրերից երևում է, որ գործի են դրվել ջրցան մեքենաները, իսկ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին։ ԿԸՀ պաշտոնական տվյալներով գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է 26 տարի, հավաքել է ձայների 80,1 %-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ ձայների 10,12 %-ը։ Բազմաթիվ ընտրակեղծիքների վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո՝ Բելառուսի փողոցներում սկսվել են ամենօրյա բողոքի ցույցերը։ Ցույցերի ընթացքում ցուցարարների նկատմամբ կիրառվել է բիրտ ուժ։ Ներկայումս հիմնական ցույցերը տեղի են ունենում կիրակի օրերին, որոնց մասնակցում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար մարդ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են, որ ընտրությունները լեգիտիմ չեն և չեն ճանաչել դրանց արդյունքները։ Հետխորհրդային երկրները, այդ թվում նաև Հայաստանը, շնորհավորել են Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ։

Լուսանկարը՝ «Белта»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter