HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետական գույքը կվաճառվի գրավադրմամբ կամ առանց դրա. ինչպես նոր փոփոխությունները կազդեն ներդրումների վրա 

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ սահմանեց պետական գույքը վաճառելիս այն գրավադրելու պայմանները։

Ըստ փոփոխության՝ եթե որոշակի պարտավորությունների դիմաց (բացառությամբ գնի տարաժամկետ պարտավորությունների) պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ավելի գնով, այն չի համարվի գրավադրված։

Պետական գույքի առուվաճառքի պայմանագրի առարկան կհամարվի գրավադրված, եթե գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով։

Տարաժամկետ վճարումների և պետական գույքի գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով վաճառելու, պայմանագրային պարտավորություններ իրականացնելու դեպքում պետական գույքը մասնավորեցնելիս այն չի համարվի գրավադրված, եթե գնորդը ներկայացնի տարաժամկետ վճարումների ընդհանուր արժեքի, գնահատված արժեքի և վաճառքի գնի տարբերության արժեքի չափով բանկային երաշխիք։

Գույքային փոխանակության դեպքում պետական գույքի մասնավորեցման ժամանակ գույքը չի համարվի գրավադրված, եթե հավանական գնորդը լիազոր մարմին ներկայացնի փոխանակության ենթակա գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով բանկային երաշխիք։

Պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնված գույքային գործարքի դեպքում մինչև պայմանագրային պարտավորությունների կատարումը վաճառված գույքի վերավաճառքի, գրավադրման դեպքում գնորդը պարտավոր է լինելու ստանալ լիազոր մարմնի գրավոր համաձայնությունը։ 

«Պետական գույքի վաճառքի երկար տարիների փորձը վկայում է, որ պայմանագրային պարտավորությունների դիմաց գույքի վաճառքի դեպքում գրավի կիրառումը հանդիսացել է գործուն միջոց ոչ բարեխիղճ գնորդների դեպքում պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու համար»,-նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Այս փոփոխությունները կատարվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Նա առաջարկել  է պետական գույքի օտարման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քննարկել պետական գույքի օտարման դեպքերում գրավի փոխարեն պարտավորության կատարման ապահովման այլ միջոց կիրառելու հարցը։

Ինչ ռիսկեր էր պարունակում պետական գույքի՝ առանց գրավադրմամբ վաճառքը

Գույքն առանց գրավի կամ գրավադրմամբ մասնավորեցնելու վերը նշված պայմանները սահմանել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարությունը պարտավորությունների դիմաց պետական գույք վաճառելիս գրավ չկիրառելու գործընթացում նկատել է պարտավորություններ չկատարելու և պետությանը մեծ վնասներ հասցնելու ռիկսեր։

Մասնավորապես, որոշակի պարտավորությունների կատարման դիմաց գնահատված շուկայական արժեքից ցածր գնով գույքի վաճառքի և չգրավադրման դեպքում գնորդը ձեռք էր բերելու բոլոր իրավական հիմքերը, նյութական տեսանկյունից շահագրգռող լծակները՝ ավելի արագ, առանց ռիսկի գումար աշխատելու համար։ Այսինքն՝ շատ հավանական է, որ գնորդը ձեռք բերված գույքի գրավադրմամբ կստանա ավելի մեծ գումար և, տարբեր հիմնավորումներ բերելով, կամ կկատարի, կամ չի կատարի ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ 

Այդ իսկ պատճառով նախարարությունը որոշել է պետական գույքի վաճառքի դեպքում բացառել պարտավորությունների կատարման դիմաց վաճառքի գնի իջեցմամբ պետությանը վնաս հասցնելու ռիսկերը և գրավի կիրառման դեպքում ցուցաբերել տարբերակված մոտեցում։

Մասնավորապես՝ միայն գնահատված շուկայական արժեքին շատ մոտ գնով վաճառքի դեպքում կարելի է գույքի վրայից հանել գրավադրումը։ Նման մոտեցմամբ, ըստ նախարարության, կարելի է ինչ-որ չափով հիմնավորել, որ գնորդը վճարել է ձեռք բերված գույքի գինը, շահագրգռված է ներդրումներ կատարել և այդ ներդրումների իրականացման ճանապարհին գրավը հանելով՝ ներդրումների կատարման համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները։ 

Նարեկ Բաբայան. «Գործող կարգը հնարավորություն չէր տալիս տնտեսվարողին բանկերից միջոցներ ներգրավվել» 

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պետական գույքը վաճառելիս այն գրավադրելու պահանջից ծագող խնդիրների մասին իրենց հետ հանդիպումներում հաճախ բարձրաձայնել են նաև գործարարները։ Հատկապես, երբ գույքi գնման արժեքն ու խոստացված ներդրումների ծավալը խոշոր են եղել։ 

«Մինչ այս գործող կարգով, եթե դուք գնել եք որևէ շենք, պարտավորվել եք երեք տարվա ընթացքում կատարել որևէ ծավալի ներդրում, պարտադրված էիք վաճառված գույքը գրավ պահել, մինչ պարտավարությունների կատարումը։ Սակայն սա հնարավորություն չէր տալիս տնտեսվարողին բանկերից միջոցներ ներգրավել։ Մենք սա խոչընդոտ էինք դիտում»,-ասում է Նարեկ Բաբայանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ գույքը գրավադրմամբ վաճառելու պայմանը երբեմն նաև խոչընդոտել է պետական գույքը մրցույթով վաճառելուն։ Որպես օրինակ նշում է՝ եթե գույքը գնահատված էր երեք միլիոն դոլար, և գնորդը ցանկանում էր մեկ միլիոն դոլարի չափով էլ ներդրում կատարել, պետք է ունենար չորս միլիոն դոլար ֆինանսական ազատ միջոց։ Ըստ Բաբայանի՝ սա իրատեսական չէ շատ գործարարների դեպքում։

«Մենք ասում ենք՝ գույքը չի գրավադրվի, եթե կա բանկային երաշխիք, որով պարտավորությունը ոչ միայն այդ ծավալի ներդրում անելն է, այլև այն համապասախան ժամանակահատվածում կատարելը։ Այդ դեպքում բանկը մեզ վճարում է այդ երաշխիքը, և այլևս տնտեսվարողի խնդիրները բանկի հետ են։ Այսինքն՝ բանկը կդիմի դատարան, թե այլ գործընթաց կկատարի, արդեն իրենց երկուսի հարաբերություններն են»,-նշում է Նարեկ Բաբայանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter