
Վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը կգործի 2021 թվականից
Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 23-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց որոշում, որով նախատեսվում է վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը հետաձգել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։
Այս տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ պետք է մտնեին կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշումները, որոնցով ներկայումս գործող կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ին և 2012 թվականին ընդունված որոշումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, վարորդի թեկնածուի առողջական վիճակի ստուգման և որակավորման քննությունների հետ կապված հարցերով ներկայումս գործող կարգում նախատեսվում էին մի շարք փոփոխություններ։ Կառավարությունը որոշեց որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ պետք է մտնեին ներկայումս գործող կարգում նախատեսվող հետևյալ փոփոխությունները՝ վարորդական վկայականը տրվելու է նաև «AM» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար (մոպեդ), «A», «B» և «BE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձն պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում:
Քննությունների միջոցով ստուգվելու է վարորդի թեկնածունի տրանսպորտային միջոց վարելու հմտությունները և վարքագիծը: «A», «B» կարգի և «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար գործնական վարման հմտության և վարքագծի ստուգումն իրականացվելու է միայն ճանապարհային երթևեկության իրական պայմաններում, իսկ կարգերի ու ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգումը՝ ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։
«D» կարգի ու «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար պետք է ներկայացվի նաև բժշկական հավատարմագրում անցնելու մասին տեղեկանք:
Փոփոխությունները էականորեն խստացնում են վարորդական իրավունքի վկյականի ստացման գործընթացը և դրան զուգահեռ արտակարգ դրության պայմաններում ոչ սովորական ընթացակարգով վարորդական վկայականի որակավորման քննություններին մասնակցելու գործընթացի կազմակերպումը բերել է նրան, որ քաղաքացիները, խուսափելով խիստ պայմաններում որակավորման քննություն տալուց, դիմում են ՀՔԲ ներկայումս գործող ընթացակարգով վարորդական վկայական ստանալու ակնկալիքով։
Ընդունված որոշման նախագծում ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը 2020թ. մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։
Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների կողմից ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումն իրականացվում է միայն նախապես անհրաժեշտ գործողություն կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների հիման վրա հրավերի միջոցով, ինչը նպատակ ունի բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները՝ կանխելով համավարակի տարածումը։
Նշվածի հետևանքով 2020թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանությոուն է ներկայացվել ավելի քան 26 000 դիմում, որից մոտ 12 500-ը՝ Երևանում:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում օրական ընդունվում է առավելագույնը 400 որակավորման քննություն, որոնց թիվը մինչև սահմանափակումները կազմել է 600-ից ավելի:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել