
Համայնքային ճանապարհների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը կհեշտանա
Կառավարության սեպտեմբերի 24-ի հերթական նիստում ընդունվեց որոշում, որով կարգավորվում է համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը:
Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքային նշանակության (այդ թվում՝ գյուղական բնակավայրերի) ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման և վարչապետի մոտ 2020 թվականի օգոստոսի 19-ին կայացած խորհրդակցության հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:
Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որը չի սահմանում առավել դյուրին ընթացակարգ մարզերի համայնքների բնակավայրերում նախատեսվող՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների ընթացիկ վերանորոգման և բարելավման համար:
Ներկայումս համայնքային ճանապարհների (փոքրածավալ) բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որոնց համար կառավարության 2015 թվականի մարտի 19-ի որոշմամբ ամրագրված ընթացակարգերը բարդ են, ժամանակատար և համայնքների սահմանափակ բյուջեների մասով՝ կատարման համար ոչ ծախսարդյունավետ:
Համայնքային ոչ առևտրային ու մասնավոր կազմակերպությունների միջոցով նմանատիպ աշխատանքների կատարումը դյուրին դարձնելու նպատակով առաջարկվում է.
- ոչ տարանցիկ, մարզերի համայնքներում (այդ թվում՝ գյուղական բնակավայրերում) տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքները ընդգրկել կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N4 հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում, որոնց համար չի պահանջվի շինարարության թույլտվություն:
Միաժամանակ, նմանատիպ ծրագրերի իրագործման արդյունավետությունն ապահովելու համար Քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզերի համայնքների ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքների կատարման ուղեցույցը առաջիկայում կներկայացվի տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն՝ համայնքապետարաններին տրամադրելու և իղեկավարումն ընդունելու համար:
Լուսանկարը՝ կառավարության արխիվից
Մեկնաբանել