HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ժամանակավոր արգելք սահմանել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ. նոր նախագիծ

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավոր արգելք սահմանել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ։ 

Արտահանման արգելքը նախատեսվում է կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա սև ու գունավոր մետաղների արտադրություն և ջարդոնի, թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը։

Նման նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ»,-նախագծում նշել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ նախարարության՝ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն տալով զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը, թափոնը:

Գործադիրը սև և գունավոր մետաղների ջարդոնը, թափոնները Հայաստանի համար դիտարկում է որպես ռազմավարական նշանակություն ունեցող հումք։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ այժմ Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Այդ ընկերությունները օգտվում են տեղական սև, գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից։ Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ եթե այս ընկերությունները ներմուծված մետաղով աշխատեն դրանց արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը:

«Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը»,- նախագծում նշել է Էկոնոմիկայի նախարարությունը:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հոդվածը նախատեսում է ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունների կողմից սահմանափակումներ կիրառելու իրավունքը (պայմանով, որ այդ միջոցները անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման համար։

Հիմք ընդունելով այդ դրույթը` էկոնոմիկայի նախարարությունն առաջարկվում է ժամանակավոր արգելք սահմանել վերը նշված ապրանքների արտահանման նկատմամբ:

Գլխավոր լուսանկարը՝ inbusiness.kz-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter