HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մարզպետի որոշմամբ ազատել են աշխատանքից՝ առանց տեղեկացնելու

Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Զաքարյանն այսօր պատահաբար տեղեկացել է, որ իրեն ազատել են աշխատանքից։ Նա անակնկալի է եկել, երբ նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եկել է դպրոց: Օրեր առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տնօրենի պաշտոնում նշանակել էր Մանվել Զաքարյանին և նրա հետ 5 տարով աշխատանքային պայմանագիր կնքել:

Արարատի մարզի «Եղեգնավանի միջնակարգ դպրոց»-ի կառավարման խորհուրդը հուլիսի 21-ին հայտարարել է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 

Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 19-ը ներառյալ էր: Մրցույթն անցկացվել է օգոստոսի 28-ին։ Միակ թեկնածուն եղել է նախկին տնօրեն Մանվել Զաքարյանը, այլ մարդիկ չեն հայտագրվել։ Մինչ մրցույթի անցկացումը մարզպետարանի որոշմամբ «Եղեգնավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի փոխտնօրեն Ադելա Աբրահամյանը։

Արարատի մարզպետարանի կայքէջում սեպտեմբերի 11-ին հրապարակվել է որոշում, որով մարզպետ Գարիկ Սարգսյանը Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակել Մանվել Զաքարյանին և կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով: Մեկ այլ որոշմամբ էլ մարզպետը, հիմք ընդունելով Մանվել Զաքարյանին տնօրեն նշանակելու իր որոշումը, օգոստոսի 14-ին դպրոցի փոխտնօրեն Ադելա Աբրահամյանին ազատել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից: Վերջինս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում էր հուլիսի 3-ից

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նաիրա Խլղաթյանը պատմեց, որ օգոստոսի 28-ին կայացած մրցույթին ընտրությանը մասնակցող կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա է եղել 6-ը։ 

Մրցույթին ներկա չեն եղել մարզպետարանի ներկայացուցիչները՝ Տերտերյան Հայկազն ու Սարգսյան Էլլան։ Այնուամենայնիվ, մրցույթը կայացել է, քանի որ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչները ներկա են եղել։

Դպրոցի անձնակազմը տեղյակ չի եղել նորանշանակ տնօրենի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, առավոտյան դպրոց է գնացել տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մալյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հասմիկ Գասպարյանի և մարզպետարանի կրթության բաժնի ավագ մասնագետ Ալբերտ Մկրտչյանի հետ։

Վարչության պետը տեղեկացրել է, որ մարզպետի որոշմամբ Մանվել Զաքարյանն ազատվում է «Եղեգնավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ֊ի տնօրենի պարտականություններից և, մինչ նոր մրցույթի անցկացումը, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Ոսկետափ գյուղի ուսուցիչ Հասմիկ Մալյանը։

Ուսուցիչները մինչ այդ տեղյակ չեն եղել, որ դպրոցում տնօրեն է փոխվելու։ Իր՝ դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին տեղյակ չի եղել նաև Մանվել Զաքարյանը։

Մեզ հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ տնօրենի պաշտոնից ազատվելու մասին նորությունը անակնկալ է եղել իր համար։

«Ես հիմա ի վիճակի չեմ ոչինչ ասել, ուղղակի հետաքրքիր է, որ առավոտյան ես գալիս եմ դպրոց, որ անցնեմ բնականոն աշխատանքիս ու մեկ էլ պարզվում է, որ աշխատանքից ազատվել եմ, էլ չեմ աշխատում, տնօրենն ուրիշ մարդ է»,-ասում է Մանվել Զաքարյանը։

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը ասում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է մարզպետի որոշմամբ

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է մարզպետի որոշմամբ, ինքն ուղղակի կատարել է մարզպետի հանձնարարականը։

Մեր հարցին, թե ի՞նչն է հիմք դարձել մարզպետի որոշման համար, վարչության պետն ասաց՝ այլ հարցերի չեմ պատասխանի։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար նա խորհուրդ տվեց դիմել մարզպետ Գարիկ Սարգսյանին։

Նորանշանակ տնօրենին մեկ օր առաջ են տեղեկացրել տնօրենի պաշտոնում նշանակելու մասին

Այսօրվանից Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Հասմիկ Մալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն օգոստոսի 23-ին են տեղեկացրել տնօրենի պաշտոնում ընտրվելու մասին: Մեր ճշգրտող հարցին, թե ինչպես է ինքը նշանակվել, եթե մարզպետն արդեն 5 տարվա աշխատանքային պայմանագիր էր կնքել Մանվել Զաքարյանի հետ, Մալյանը նշեց, որ իրավասու չէ պատասախանել և հայտնեց, որ ինքը նշանակվել է մարզպետի որոշմամբ, և տնօրենի ընտրության մրցույթն անցկացվելու է 60 օր անց: 

Եղեգանավանի դպրոցի տնօրենի պաշտոնի մրցույթին Հասմիկ Մալյանը հայտ չի ներկայացրել:

«Անցյալ տարի դիմել եմ տնօրենի պաշտոնի համար ուրիշ դպրոցում: Իմ զարգացման ծրագիրը հավանել են, անունս իրենց մոտ կար, ինձ համար էլ էր սա անակնկալ»,- ասում է տնօրենի ժ/պ-ն:

Արարատի մարզպետից պարզաբանում ստանալու համար դիմեցինք նրա խորհրդական Լիլիթ Թադևոսյանին։ Վերջինս խնդրեց գրավոր հարցմամբ դիմել մարզպետարան, ինչպես եւ վարվեցինք: Սակայն, մինչ մեզ պատասխանելը մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրեց տնօրենի ազատման հիմքերը. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության արդեն նախկին տնօրեն Մանվել Սոկրատի Զաքարյանը 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված թիվ 26151220 քրեական գործով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 24.07.2020թ. որոշմամբ հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները:

Բանն այն է, որ հիշատակված քրեական գործով հիմնավորվել է, որ Մանվել Սոկրատի Զաքարյանը, մինչև կրկին նույն դպրոցի տնօրեն վերանշանակվելը, նախկինում տնօրեն աշխատած ժամանակահատվածում, զբաղեցնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու գործառույթով, գործով անցնող որոշ անձանց օժանդակությամբ, անձնական այլ դրդումներով, ինչպես նաև խմբակային շահերից ելնելով՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Հիմնավորվել է, որ վերջինս կատարել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված՝ Եղեգնավանի միջնակարգ դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն:
Մանվել Սոկրատի Զաքարյանի նկատմամբ որոշ դրվագներով պաշտոնեական կեղծիք կատարելու մասով և պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն կատարելու մասով քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու կամ իրադրության փոփոխության հիմքով, քանի որ Մանվել Զաքարյանը 2020թ. հուլիսի 3-ից իր դիմումի համաձայն ազատվել է Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից:
Քրեական գործի շրջանակներում Մանվել Զաքարյանը տվել է խոստովանական ցուցմունքներ: Ստացվում է, որ քրեական գործով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքներ՝ հանցագործություններ կատարած անձը 2020թ. հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելուց հետո նորից է մասնակցել նույն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին և հաղթող է ճանաչվել:
Ցանկանում ենք ընդգծել, որ Արարատի մարզպետը, օրենքով սահմանված կարգով, ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքել է աշխատանքային պայմանագիր՝ հաշվի առնելով օրենքի պահանջը, կաշկանդված լինելով նրան պաշտոնում չնշանակելու օրենքով սահմանված համապատասխան հիմքերի բացակայության հանգամանքով:
Նշանակումից հետո, Արարատի մարզպետի որոշմամբ, հաշվի առնելով թիվ 26151220 քրեական գործով հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները, ինչի հետևանքով դպրոցին պատճառվել է նյութական վնաս և հիմք ընդունելով նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը՝ վերջինիս 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատել է զբաղեցրած պաշտոնից:
Հատկանշական է նաև այն, որ Եղեգնավանի միջնակարգ դպրոցում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ, որով քննությունը շարունակվում է»,-նշված է մարզպետի ֆեյսբուքյան գրառման մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter