HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Էությունն էլ եմ հասկանում, տողատակն էլ»․ Սեդրակ Առուստամյանը չընդունեց առանց թույլտվության շինարարություն իրականացնելու վերաբերյալ մեղադրանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր սկսվեց Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով, Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին, սակայն նա մեկ այլ գործով, որն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կաշառք տալուն և փողերի լվացմանը, գտնվում է կալանքի տակ։

Մինչ այս նիստը երեք դատական նիստ է նշանակված եղել, որոնց Առուստամյանը չի ներկայացվել, կալանավայրից դատարան գրություններ է ուղարկել այն մասին, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում խնդրում է հետաձգել գործի քննությունը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանն անցավ դատաքննության փուլին, մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն ընթերցեց Առուստամյանի մեղադրանքը՝ համաձայն որի՝  վերջինս Աբովյան փողոցի  5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում շարունակել է  հիշյալ շինության կառուցումը:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ դեռևս 2016 թվականի հունիսի 5-ին Դավիթ Մանթաշյանի, «ԱԱԴ Հոթել» ՓԲ ընկերության տնօրեն Հարություն Շահբազյանի և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի միջև կնքվել է գույքերի միավորման և փոխադարձ պարտավորությունների մասին համաձայնագիր, համաձայն որի` վերջիններս իրենց պատկանող, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հարակից գույքն ու հողամասերը միավորել են հետագայում հյուրանոցային համալիր կառուցելու համար։ Համաձայնագրով ծրագրի իրականացման կառավարիչ է նշանակվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը` տիրապետման և օգտագործման, ներառյալ՝ քանդման իրավունքով, վերջինիս հանձնվել է գույքը, ինչպես նաև Դավիթ Մանթաշյանն ու Հարություն Շահբազյանը պարտավորվել են չմիջամտել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործունեությանը և հնարավորինս նպաստել ծրագրի իրականացմանը: Վերջինս, համաձայնագրում նշված նպատակներին համապատասխան օգտագործելու պայմանով ընդունելով վերոհիշյալ գույքը, պարտավորվել է  ինքնուրույն, իր միջոցների հաշվին ամբողջությամբ իրականացնել ծրագրի կառավարումը:

2017 թվականի դեկտեմբերի 19-ին Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի միջանկյալ հատվածամասի կառուցման  համար Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին, «ԱԱԴ Հոթել» ՓԲ ընկերության տնօրեն Հարություն Շահբազյանին և Դավիթ Մանթաշյանին տրվել է շինարարության թույլտվություն:

Շինթույլտվությամբ նախատեսված կառուցման աշխատանքների նպատակով նույն օրը Սեդրակ Առուստամյանը, օգտվելով նաև վերոգրյալ համաձայնագրով իրեն տրված իրավունքներից, «Սպիտակ տնակ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Սահակյանի հետ կնքել է շինարարական կապալի պայմանագիր, որից հետո՝ 2018 թվականի հունվարից նշված ընկերությունը սկսել է շինթույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքները:

2018 թվականի փետրվարի 12-ին Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեի սեփականատեր Աննա Մարտիրոսյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ հիշյալ շինթույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Այնուհետև` 2018 թվականի փետրվարի 16-ին Սեդրակ Առուստամյանին, «ԱԱԴ Հոթել» ՓԲ ընկերության տնօրեն Հարություն Շահբազյանին և Դավիթ Մանթաշյանին Երևան համայնքի կողմից տրվել է շինարարության թույլտվություն՝ հյուրանոցային համալիրի ստորգետնյա հարկերի վերակառուցման և առաջին վերգետնյա հարկի կառուցման աշխատանքների կատարման համար:

2018 թվականի փետրվարի 19-ին վարչական դատարանի որոշմամբ Աննա Մարտիրոսյանի հայցադիմումն ընդունել է վարույթ՝ նույն որոշմամբ արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից օրենսդրության պահանջները չպահպանելու և շինարարական աշխատանքները շարունակելու կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018 թվականի ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ Սեդրակ Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: 

Սեդրակ Առուստամյանը, ևս մեկ անգամ ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն շարունակել է այն և 2018 թվականի հունիսի 27-ին նրա նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով, որի մասին, ըստ դատախազի պնդման, Առուստամյանը պատշաճ կարգով ծանուցվել է և ևս մեկ անգամ նախազգուշացվել շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին։

«Սեդրակ Առուստամյանը, հանդիսանալով Երևան քաղաքի Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցապատման աշխատանքների պատվիրատու, ունենալով նշված հասցեում շինարարական աշխատանքների կատարումը դադարեցնելու իրավասություն, իր նկատմամբ նույն արարքի համար կրկնակի տույժ նշանակվելուց հետո մինչև 2018 թվականի օգոստոսի 13-ը «Սպիտակ տնակ» ՍՊ ընկերության միջոցով քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով՝ առանց իրավասու մարմնի կողմից տրված և միաժամանակ գործունեության մեջ գտնվող շինթույլտվության, շարունակել է շինարարական աշխատանքները՝ որևէ միջոց չձեռնարկելով դրա դադարեցման ուղղությամբ»,- ասվում է Առուստամյանի մեղադրանքում։

Երբ դատախազն ավարտեց ընթերցել մեղադրանքը, դատավոր Վաչե Մարգարյանը հարցրեց՝ արդյոք Առուստամյանին պարզ է իրեն առաջադրված մեղադրանքի էությունը։

«Էությունն էլ եմ հասկանում, տողատակն էլ»,- հայտարարեց Սեդրակ Առուստամյանն ու նշեց, որ չի ընդունում մեղադրանքը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը միջնորդեց դատակոչի ցուցակը լրացնել ու գործով որպես վկա դատարան հրավիրել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Պաշտպանը նշեց, որ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործի հարուցման համար հիմք է դարձել Արեյանի տված հանցագործության մասին հաղորդումը։ Նշենք, որ հաղորդումը ներկայացնելիս Կամո Արեյանը եղել է  Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնակատարը։

Հովիկ Սուքիասյանը նշեց, որ Առուստամյանի նկատմամբ նշանակված վարչական տույժերը բողոքարկվել են, ուստի իրենք ցանկանում են պարզել՝ արդյոք Կամո Արեյանն այդ հանգամանքն իմանալով է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ։ Վերջինս խնդրեց կամ մերժել միջնորդությունը կամ դրա քննությունը հետաձգել։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը։

Այսօր դատարանը ճշտեց նաև Առուստամյանի դիրքորոշումը՝ նրա նկատմամբ վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Առուստամյանը հայտարարեց, որ դեմ է վաղեմության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter