Երթուղիների սպասարկման իրավունքից զրկվել են
Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների կողմից ստացված բողոքների, Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի 27.04.2011թ. զեկուցագրի համաձայն՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից 23.03.2011թ. որպես փոխադրավարձ ուղևորներից գանձվել է 200 դրամ:
Ընկերության տնօրենը 25.02.2011թ. գրությամբ հաստատել է ընկերության կողմից 200 դրամ ուղեվարձ գանձելը, ինչը, ըստ էության, ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի 2.1.8. ենթակետով նախատեսված երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է:
Երևանի քաղաքապետարանի և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզվել է, որ թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը, խախտել է Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսներով և երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով:
Հիմք ընդունելով վերը նշված, ինչպես նաև իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրված մի շարք խախտումները, նաև հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում հասարարակական տրանսպորտի անխափան աշխատանքը Երևանի կենսունակության, այդ թվում` բնակչության կենսապահովման ոլորտում գործող մարմինների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունն ապահովող կարևոր բաղդրիչներից է, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով, հաշվի առնելով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 11.05.2011թ. հ. Հ-271 գրությունը՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ այս տարվա մայիսի 20–ից լուծված են համարվում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը և վերջիններս նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից:
Բնակչության տրանսպորտային բնականոն սպասարկումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, թիվ 76 և 69 երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ:
Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է շարունակական վերահսկողություն տակ պահել հասարակական տրանսպորտի գործունեությունը և խիստ պատժամիջոցներ կիրառել պայմանագրային պարտականությունները խախտող ընկերությունների նկատմամբ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել