HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ-ում թվային հարթակների զարգացման համար և այլ հարցեր:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչև 2025թ. ձևավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարևորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում:

Հակոբ Արշակյանը կարևորել է նաև ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը՝ կարևոր բաղադրիչները, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ և մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչև օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչև միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն:

«Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների և էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում և իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, և նաև այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ Նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի և ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ»,- իր ելույթում նշել է Արշակյանը:

Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլև հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի և ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում և մեկնարկ:

Հակոբ Արշակյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջև տեղեկատվնության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար:

«Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ և հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի և անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձևավորումը»,- խոսքը եզրափակել է նախարարը:

Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի և Ռուսաստանի փոստի միջև, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ-ի և ՌԴ-ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter