HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը՝ հայտնելով, որ դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Սարգսյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրել են Ծառուկյանի խափանման միջոցի հարցին որոշ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության հանգամանքը:

Նշենք, որ երեկ պաշտպանները հայտարարել էին, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, իրենք տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ Վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները: Ինչպես նաև, որ դատական գործը պետք է մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի, և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։ Պաշտպանները նաև նշել են, որ անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այնպիսի ժամկետներում մերժել և այնպիսի ժամկետներում գործը մուտքագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որ գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։

Պաշտպանները պնդում են, որ վերը նշված հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալներ ունեն, նրանք երեկ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն:

Լրագրողների հետ զրույցում Երեմ Սարգսյանը նշեց, որ վճռաբեկ բողոքն, ըստ էության, մերժվել է ընդամենը երեք օրում, այն սեպտեմբերի 7-ին մուտքագրվել է, և սեպտեմբերի 10-ին արդեն մերժվել: Նշենք, որ Վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու համար ժամկետը երեք ամիս է: Սարգսյանը դիտարկեց, որ Վճռաբեկ դատարանը այդ որոշումները կայացնում է եռամսյա ժամկետը լրանալուն մոտ ժամանակահատվածում, իսկ այս դեպքում, երբ 8 հատոր գործ կար ուսումնասիրելու, դատարանը որոշում է կայացրել ընդամենը երեք օրում:

Դատարաննն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter