
Անդրանիկ Պետրոսյան. «Մեր կողմերում անասնագողերի մաֆիա է աշխատում, միթե էսքան տարի ոստիկանությունը չկարողացավ էդ անասնագողերից գոնե մեկին բռնել»
Այս տարվա օգոստոսի 25-ին Լոռու մարզի Մեծ Այրում գյուղից 5 կով են գողացել: Մեծ Այրումը գտնվում է Ճոճկան գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ Նահատակ պոչամբարի կողքին: Մոտ երկու ամիս առաջ անասնագողերը 5 կով են տարել սահմանամերձ Շամլուղ քաղաքի Բուղաքար թաղամասից: «Հետք»-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին 3 տարիներին հայ-վրացական սահմանի վրա գտնվող Ճոճկան, Ջիլիզա, Մեծ Այրում և Շամլուղ բնակավայրերից 88 կով են գողացել, սակայն անասնագողության որևէ դեպք չի բացահայտվել:
Անասնագողության ամեն դեպքից հետո ոստիկանության Թումանյանի բաժնում քրեական գործ է հարուցվում, դրանք ուղարկվում են Լոռու մարզի քննչական վարչություն՝ նախաքննության համար: Կարճ ժամանակ անց հարուցված քրեական գործերը «փակվում են»:
«Մեր կողմերում անասնագողերի մաֆիա է աշխատում: Ոստիկանությունը էդ մաֆիային չի հետևում: Էսքան տարի մեր գյուղերում անասնագողություն է լինում, միթե էսքան տարի ոստիկանությունը չկարողացավ էդ անասնագողերից գոնե մեկին բռնել»,- ասում է մեծայրումց Անդրանիկ Պետրոսյանը:
Օգոստոսի 25-ին Մեծ Այրում բնակավայրի գերեզմանների հարևանությամբ գտնվող տարածքից անասնագողերը տարել են Անդրանիկ Պետրոսյանի՝ 3 և Հմայակ Դիվանյանի՝ 2 կովերը: Անդրանիկ Պետրոսյանի 9 անձից կազմված ընտանիքը սոցիալապես անապահով է: Ընտանիքից միայն որդին է աշխատում: Անդրանիկը Մեծ Այրում է եկել Կաճաճկուտ գյուղից: Ասում է տնամերձերի հետ միասին 3,5 հա հող ունի: Անդրանիկը հողը չի մշակել, խոտհարք է օգտագործել իր կովերին ձմռանը խոտով ապահովելու համար:
Խոտը հնձել է, սակայն երեք կովը արդեն մեկ ամիս է՝ գողացել են: Օգոստոսի 28-ին Անդրանիկ Պետրոսյանը և Հմայակ Դիվանյանը ոստիկանության Թումանյանի բաժնում հայտարարություն են տվել կովերի գողության մասին: Գրավոր դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը Անդրանիկ Պետրոսյանին պատասխանել է, թե ոստիկանության Թումանյանի բաժնում նրա տրված հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերով 2020թ.-ի սեպտեմբերի 7-ին Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության համար ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն: Ա. Գուրջանյանը նույն գրությամբ Անդրանիկ Պետրոսյանին նաև տեղեկացրել է, որ նույն փաստով վարչապետի աշխատակազմին հասցեագրված նրա դիմումը կցվել է քրեական գործին:
«Ես չեմ կասկածում, որ թուրքը կգա Մեծ Այրումից իմ կովերը գողանալու, եթե թուրքը կարողանա մեր գյուղ հասնել, ուրեմն մեր սահմանապահները լավ չեն աշխատում: Եթե անասունը անց են կացնում Ճոճկանի սահմանով, ուրեմն մեր իրավապահները չեն լավ աշխատում»,- ասաց Անդրանիկ Պետրոսյանը:
Իր անասունները արոտավայրում առանց վերահսկողության թողնելու մասին հարցին Անդրանիկ Պետրոյանն ասաց. «Ուրեմն մարդը չի կարա գա տանը մեկ ժամ հանգստանա: Դուք էն ասեք, որ գյուղից մարդ կա հսկող, հենց տենում է անասունի մոտ մարդ չկա, մեր կովերը, առաջն արած, տանում է: Ճոճկանից էլ մարդ կա գողերի հետ: Որտեղից անասուն են տանում, էնտեղ տեղից մարդ կա գողերի հետ»: Անդրանիկը 1,5 մլն դրամի վարկ էր վերցրել: Պատմում է, որ վարկը վերցրել է աղջկա վիրահատության համար, մի մասն էլ օգտագործել է բնակարանը վերանորոգելիս: Անդրանիկը 58 տարեկան է, սակայն աշխատանք չի գտնում:
Հմայակ Դիվանյանը օգոստոսի 25-ին՝ առավոտյան ժամը 6-ին, 2 կովերը տարել է արոտի: «Այդ օրը նույն վայրում արածել են գյուղի 6 տնտեսության մոտ 24 կով, բայց գողացել են իրենց երկու և հարևան՝ Անդրանիկ Պետրոսյանի 3 կովերը»,- պատմում է Հմայակ Դիվանյանի կին՝ Ռուզաննա Առուստամյանը: Երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Համլետ Դիվանյանը գնացել է կովերը բերելու, սակայնչի գտել: Օգոստոսի 28-ին Համլետ Դիվանյանը նույնպես դիմել է ոստիկանության Թումանյանի բաժին:
«Գալիս-գնում են ոստիկանները, ասում են՝ աշխատում են, որ անասուններին գտնեն: Բայց արդյունք չկա: Մենք ընտանիքում 5 հոգի ենք: Ամուսինս՝ Համլետ Դիվանյանը, աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում: Նրա աշխատավարձով մեր ընտանիքը հազիվ է գոյատևում: Դիմել ենք ոստիկանություն, առայսօր չեն գտնվել մեր կովերը։ Երկու կովերն էլ ծանրած էին, 4 ամիս հետո պետք է ծնեին: Այդ դեպքում մենք 4 կով ենք կորցրել»,- ասում է Ռուզաննա Առուստամյանը:
«Ոստիկանությունն ասում է՝ Ճոճկան և Ջիլիզա գյուղերի կովերը Վրաստանի Բուրմա գյուղի մի թուրք է տանում: Բայց հաստատ էդ թուրքը Ճոճկան, Ջիլիզա, Շամլուղ ու Մեծ Այրում չի մտնում, թող ոստիկանությունը մեր գողացած անասունները թուրքին հասցնող տեղացիներին բռնի։ Ոստիկանությունը կովերի գողություններին լավ էլ տեղյակ է: Նրանք կարող են գյուղի մարդկանց տներն ու գոմերը ստուգել, այդ իրավունքը նրանք ունեն, բայց չեն ստուգում: Գողերի խումբ կա: Թող ոստիկանությունը գնա, գողին բռնի, տա դատարան, իմ կովերն էլ հետ տան ինձ»,- պահանջեց Համլետ Դիվանյանի մայրը՝ 70-ամյա Արմենուհի Դիվանյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել