
Ծաղկահովիտի համայնքապետարանը չի ցանկանում մարել իր բնակիչների պարտքերը, նրանցից էլ գումարը չի գանձում
Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի նախկին համայնքապետը արոտավայրեր է վարձակալել Շիրակի մարզի Ջրառատ գյուղից ու տրամադրել անասնապահությամբ զբաղվող համագյուղացիներին: Սարերով միմյանց սահմանակից երկու գյուղերի ղեկավարները վաղուց են այս տարբերակով լուծել լեռնապարցիներին արոտավայրով ապահովելու հարցը: Վերջին անգամ երկու համայնքների միջև արոտավայրի վարձակալության պայմանագիր կնքվել է 2017թ. հոկտեմբերի 1-ին, որով Լեռնապարի համայնքապետարանը երեք տարի ժամկետով 300 հա արոտավայր է վարձակալել Ջրառատից:
Պայմանագիրը կնքելուց մեկ ամիս հետո՝ 2017թ. նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով երկու համայնքներն էլ խոշորացվել են: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի կազմի մեջ մտնող Լեռնապար գյուղը արոտավայրի վարձավճարը չի հավաքագրել բնակիչներից: Ախուրյանի համայնքապետարանը, որի կազմում է ընդգրկված Ջրառատ գյուղը, դիմել է դատարան՝ Ծաղկահովիտ համայնքից արոտավայրի երեք տարվա վարձավճարը գանձելու և պայմանագիրը լուծելու պահանջով:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել են Ծաղկահովիտ համայնքից բռնագանձել 920 400 դրամ վարձավճարը և ուշացնելու համար սահմանված տուգանքը։
Նկատի ունենալով, որ կողմերի միջև կա պայմանագիր, որով սահմանված են նաև երկկողմ պարտավորությունները, դատարանը հունիսի 15-ին որոշում էր ընդունել գործը քննել պարզեցված վարույթի կարգով, և 2020 թ. սեպտեմբերի 18-ին հրապարակել դատական ակտը:
Սակայն սեպտեմբերի 3-ին, դատավոր Գոհարիկ Խաչատրյանը վերանայել է գործը պարզեցված կարգով քննելու իր որոշումը, և որոշում է կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին: «Դատարանը անցել էր վճռի հրապարակմանը, սակայն ի հայտ են եկել որոշ հանգամանքներ ..., դատարանը գտնում է, որ գործը քննվի ընդհանուր հայցային վարույթի կարգով»,- ասվում է որոշման մեջ:
Առաջին դատական նիստը նշանակվել էր սեպտեմբերի 22-ին: Ախուրյան համայնքի ներկայացուցիչը դիմումով դատարանին հայտնել է, որ հայցադիմումում նշված պարտքի գումարը հաշվարկված է եղել 2019 թ. համար։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա երեք եռամսյակներն արդեն ավարտվում են, խնդրել է 2020 թ. վարձավճարը, որը կազմում է 510.000 դրամ, նույնպես ներառել ներկայացված պահանջում։ Դատարանն ընդունել է հայվորի պահանջը, այսպիսով՝ Ծաղկահովիտ համայնքից բռնագանձման ենթակա գումարը կազմում է 1 մլն 430 400 դրամ և ուշացնելու համար տուգանքը:
Ծաղկահովիտ համայնքի ներկայացուցիչը չի մասնակցել դատական նիստին:
Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը «Հետք»-ին հայտնեց, որ Լեռնապարի հետ պայմանագիրը կնքվել է մինչև համայնքի խոշորացվելը, հիմա այդ պարտավորությունն անցել է Ծաղկահովիտ համայնքին: Պայմանագրի ժամկետն արդեն լրանում է, բայց նախորդ տարիների գումարները չեն վճարել:
«Լեռնապարի համայնքապետարանը արոտավայրը մեզնից վարձակալել, տվել է իր բնակիչներին որպես արոտավայր՝ իրենց անասունները պահելու համար: Համայնքի նախկին ղեկավարը պարտավորվել էր, որ բնակիչներից գումարը հավաքի և վճարի մեզ, բայց չեն անում: Հարկադրված դիմել ենք դատարան»,- ասաց Ջրառատի վարչական ղեկավարը:
Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը չի ընդունում Ախուրյանի համայնքապետարանի պահանջը: Ասում է՝ պայմանագիր ունեք, բայց արոտավայրը մասնավորն է վարձակալել, իսկ նրանք մասնավորի փոխարեն մեզ են դատի տալիս: «Ես իրավունք չունեմ էդ մարդկանց փոխարեն գումար վճարեմ: Լեռնապարի վարչական ղեկավարին ասել եմ՝ հավաքեք, մարդկանց գումարները, տվեք»,- ասաց Ն. Հակոբյանը:
Լեռնապար բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանն ասում է, որ նախկին համայնքապետը դեռևս 2015թ.-ից է արոտավայրը վարձակալել, այն ժամանակ էլ համայնքապետարանն է պայմանագիրը կնքել գյուղացիների համար: Հետո ինքն է նշանակվել վարչական ղեկավար, ինչքան կարողացել է՝ վարձավճարը հավաքել է: «Անցած տարի 300 000 դրամ հավաքել, վճարել եմ, բայց նախորդ տարիներից էլ պարտքեր կան մնացած, որ չեն վճարել: Հավաքագրումը չենք կարողանում անել բնակիչներից, մարդ կա ասում է՝ գումար չունեմ, որ տամ, մյուսները խոստանում են, բայց դարձյալ չեն վճարում»,- հայտնեց Տ. Պողոսյանը:
Վերջինս կարծում է, որ Ծաղկահովիտի համայնքապետարանն այս հարցում պետք է աջակցի բնակիչներին, բայց հրաժարվում է:
Մեկնաբանել