HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ծովագյուղի համայնքապետը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Փաստաբաններ Լիանա Գասպարյանն ու Արմեն Ֆերոյանը հերքում են Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանը խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգն ու փորձել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել։

Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցները «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ են կատարելիս եղել, երբ Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` առերևույթ խոչընդոտել նրանց աշխատանքը, սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Լիանա Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել գյուղացիների և ոստիկանների միջև, ինչին գյուղապետ Վահրամ Գևորգյանն ընդամենը միջամտել և փորձել է հանդարտեցնել իրավիճակը։ Ոստիկանները, սակայն, ըստ Լիանա Գասպարյանի, գյուղի բնակիչների նկատմամբ բռնություն են գործադրել։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններից շատերը եղել են առանց համազգեստի, չեն ներկայացել, որ ոստիկան են, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը։

«Այսինքն՝ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների գործողություների արդյունքում, և մենք դրա հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում Վահրամ Գևորգյանի անունից հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի պարզվեն գործի հանգամանքները, և գործը քննության տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Լիանա Գասպարյանը։ Մեր հարցին ի պատասխան Գասպարյանն ասաց, որ Գավառի ոստիկանապետի աչքը վնասելու վերաբերյալ տեղեկություն իրենք չունեն:

Փաստաբանը նաև ասաց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցների և Ծովագյուղի բնակիչների միջև միջադեպի առիթը եղել է այն, որ ընկերության աշխատակիցներն աշխատանքներ են իրականացրել առանց համապատասխան թույլտվությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու։

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Լիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վահրամ Գևորգյանն դեռ գործով դատավարական կարգավիճակ չունի, չի հրավիրվել հարցաքննության, բայց հրավիրվելու դեպքում չի խուսափի ներկայանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter