HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խարկովի մարզում կործանված Ан-26 ռազմական ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 26-ի

Ուկրաինայի Խարկովի մարզում վայրէջք կատարելու ժամանակ կործանվել է Ан-26 ռազմական ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համալսարանի կուրսանտները։ Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 26-ի։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 27 մարդ։ Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել են բոլոր մահացածների մարմինները։ «Ժամը 12:15-ի տվյալներով Խարկովի մարզում տեղի ունեցած ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 25 մահացածների մարմինները։ Մի մարդ էլ մահացել է հիվանդանոցում, ևս մեկն էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- նշվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն էլ հայտարարել է, որ Ан-26 ռազմական ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ուսումնավարժանքի ժամանակ։ Խարկովի մարզի նահանգապետ Ալեքսեյ Կուչերը հայտարարել է, որ օդաչուն ընկնելուց առաջ հայտնել է ձախ շարժիչի խափանման մասին։ «Ինչքանով հասկանում եմ, օդաչուն հայտնել է, որ չի գործում ձախ շարժիչը»,- նշել է նահանգապետը։ Կուչերի խոսքերով՝ որոշ տուժածներ կարողացել են լքել ինքնաթիռը։ «Նախնական տվյալներով՝ գետնից փոքր հեռավորության վրա տղաները կարողացել են ցատկել»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերի 26-ին կմեկնի Խարկովի մարզ։ «Շտապ ստեղծում ենք բոլոր հանգամանքներն ու ողբերգության պատճառները հետաքննող հանձնաժողով։ Արդեն իսկ համապատասխան հանձնարարականը տվել եմ վարչապետին։ Տեղում արդեն իսկ աշխատում է որոնողական խումբը։ Վաղը կլինեմ Խարկովի մարզում»,- «Telegram»-ի իր ալիքում գրել է Զելենսկին։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտնել է, որ Խարկովում Ан-26 ինքնաթիռը կործանման օրը վեց թռիչք և հինգ հաջող վայրէջք է իրականացրել: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն էլ հաղորդագրություն է տարածել, որ հայտնաբերվել են ինքնաթիռի սև արկղերը՝ անվնաս վիճակում։

Հիշեցնենք, որ ռազմական ինքնաթիռն ընկել էր Չուգուև քաղաքի մոտ։ 057.ua-ի զրուցակիցը հայտնել էր, որ «կործանվել է Ан-26 ռազմական փոխադրիչ-ինքնաթիռը։ Այն վայրէջք կատարելիս ուղղակի «մխրճվել էր գետնի մեջ»»։

Ինքնաթիռը կործանվել է Կիև-Խարկով մայրուղու 530-րդ կիլոմետրի վրա։ Միանգամից առաջացել է հրդեհ։ «Интерфакс-Украина» գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների իր անանուն աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ «ամենայն հավանականությամբ օդաչուն մայրուղին շփոթել է թռիչքուղու հետ»։

Newsone հեռուստաընկերության եթերում Ուկրաինայի նախկին ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ պատահարի պատճառները ճշտվում են։ Որպես նախնական վարկած դիտարկվում է անձնակազմի սխալը։ Նրա կարծիքով ևս օդաչուն մայրուղին շփոթել է թռիչքուղու հետ։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը հաստատել էր, որ ինքնաթիռում եղել են կուրսանտներ։ «Այսօր երեկոյան Խարկովի մարզում տեղի է ունեցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Ан-26 ինքնաթիռի ավիավթար (բորտային համարը 76)։ Ինքնաթիռը կործանվել է վայրէջքի ժամանակ։ Բացի անձնակազմից, ինքնաթիռում եղել են նաև Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Խարկովի համալսարանի կուրսանտները։ Կան զոհեր և վիրավորներ»,- նշվում էր գերատեսչության հայտարարության մեջ։

Խարկովի նահանգապետն առաջիններից մեկն էր, որ հայտնել էր Չուգուևի մոտ ինքնաթիռի կործանման մասին։ «Կան զոհեր...կան մարդիկ, որոնք կենդանի են մնացել»,- գրել է Կուչերը «Telegram»-ի իր ալիքում։ 

Լուսանկարը՝ AP Photo / Kharkiv Regional State Administration

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter