
Բելառուսի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Tut.by-ին ԶԼՄ-ի կարգավիճակից զրկելու համար
Բելառուսի տեղեկատվության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Tut.by առանց պարբերականին՝ ԶԼՄ-ի կարգավիճակից զրկելու համար։ Վերջինս Բելառուսի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկն է։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Tut.by-ը։ Դատական հայցի հիմք են հանդիսացել Տեղեկատվության նախարարության ավելի վաղ արված զգուշացումները։
Օգոստոսի 7-ից սկսած դրանց թիվը հասնում է 4-ի, որոնք վերաբերում են Բելառուսի նախագահական ընտրություններում տեղի ունեցած խախտումների և պարբերականի խմբագրի դստեր ձերբակալման վերաբերյալ նյութերին։ Եթե հայցը բավարարվի, ապա Tut.by-ը կզրկվի ԶԼՄ-ի կարգավիճակից։ Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս պարբերականի աշխատակիցներին «օրինական հիմունքներով գտնվել զինված հակամարտությունների կամ արտակարգ իրավիճակների վայրերում, զանգվածային իրադարձություններին, հանրային այլ կարևոր իրադարձությունների վայրերում և այնտեղից լուսաբանել կամ տեղեկատվություն փոխանցել»։
Պարբերականը հայտարարել է, որ ցանկացած դեպքում կշարունակի աշխատել։ «Սույն գործընթացը չի ենթադրում կայքի արգելափակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Առաջին նիստը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Մինսկի տնտեսական դատարանում։
Բելառուսում առցանց ռեսուրսների կողմից ԶԼՄ կարգավիճակի ստացումը կամավոր բնույթի է։ Tut.by-ը հիմնադրվել է 2000 թվականին, իսկ ԶԼՄ-ի կարգավիճակ ստանալու համար գրանցվել 2019 թվականի հունվարին։ Պարբերականն ակտիվորեն լուսաբանում է նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերը, որոնց արդյունքներով, ըստ ԿԸՀ տվյալների, հաղթող է ճանաչվել երկիրը 26 տարի կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուսանկարը՝ Виктор Толочко / Sputnik / РИА Новости
Մեկնաբանել