HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Կառավարությանն անհրաժեշտ են բարձրաստիճան մանեկեններ

Վարչապետը ստորագրեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի երկրորդ դիմումը: Առաջին անգամ չէր ստորագրել: Հնարավորություն էր տրված Սմբատ Գոգյանին՝ մի կողմ դնել համակարգում արմատական փոփոխություններ կատարելու հավակնություններն ու հաշտվել եղած իրականության հետ: Երկրորդ անգամ ստորագրել է, քանի որ կոնկրետ ընտրության հարց կար՝ կա՜մ գործող անարդյունավետ, բայց վերահսկելի համակարգը, կա՜մ համակարգին դեմ գնացող, այդ համակարգը փոխել ցանկացող պաշտոնյան: Ընտրությունը՝ հօգուտ համակարգի էր:

Ֆեյսբուքյան իր էջում Սմբատ Գոգյանն այդպես էլ գրել է. «Ցանկանում էի համակարգը փոխել, սև ընդդիմախոսին վերացնել, խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։ Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է»։

Սմբատ Գոգյանը գտած կադր էր նոր իշխանությունների համար՝ պրոֆեսիոնալ, ինքնուրույն մտածող, ոչ քաղքենի, շփման մեջ՝ պարզ, պատրաստ՝ համակարգն առողջացնելու:

Այդպիսին էր նաև Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Այսպիսի մարդկանց ներկայությունը որևէ ոլորտում տարտամ հույս էր ներշնչում, թե փոփոխությունների հավանականություն, այնուամենայնիվ, կա:

Ինքնուրույն, մտածող, իրենից խելացի ու նախաձեռնող, իրեն «ոչ» ասող մարդկանց միջավայրը վարչապետին կարծես դուր չի գալիս:

Համակարգը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, իր օրգանիզմից դուրս է մղում գործողությունների ազատություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու վճռականություն ունեցողներին: Եվ նրանք հեռանում են՝ ձեռքը թափ տալով:

Այնպես չէ, որ վարչապետը չի պատկերացնում՝ իքս մարդը պրոֆեսիոնալ է և ոլորտն աշխատեցնելուն ունակ:

Համակարգը փոխելու փոխարեն, սակայն, Կառավարությունը փորձում է տարերայնորեն լուծում տալ կուտակված այս կամ այն խնդիրներին՝ առանձին-առանձին: Փորձում է լուծել մի խնդիր, պարզվում է՝ լուծումը պայմանավորված է շատ այլ խնդիրների լուծմամբ: Համակարգային լուծումների փոխարեն Կառավարությունն օգտվում է ամենահարմար տարբերակից՝ չնախաձեռնել համակարգային փոփոխություններ, քանի որ դրանց համար ժամանակ, ցանկություն ու քաղաքական կամք է պետք: Իսկ այս երեք բաղադրիչից Կառավարությունն ունի միայն ժամանակը:

Իշխանությունը վատ աշխատող զարթուցիչը քանդել է և փորձում նորից հավաքել:

Պարզվում է՝ սարքը բազմաթիվ ավելորդ մասեր ունի, որոնք հավաքելուց չեն տեղավորվում պատյանի մեջ: Զարթուցիչն արտաքուստ ամբողջական է, սակայն կարևոր մասեր չկան: Կարճ ասած՝ զարթուցիչը չի աշխատում:

Քայլերի հաջորդականություն ու մեթոդաբանություն չունենալով՝ իշխանությունը նախընտրում է խնդիրների պանդորայի արկղը չբացելու տարբերակը:

Զգալի փոփոխությունների սպասող քաղաքացիներս դարձյալ տեսնում ենք կառավարման համակարգում իրենց օրը մթնեցնող պաշտոնյաների, որոնք, ինչպես Կաֆկայի «Դղյակ»-ում, գնում են աշխատանքի, թղթեր են ստորագրում, նիստերի մասնակցում, թղթապանակը մի սեղանից մյուսին դնում, սակայն աշխատանքի արդյունք այդպես էլ չի երևում:

Քաղաքացիների վստահությունը վարչապետի (չասենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) հանդեպ զգալիորեն ընկել է: ՔՊ-ի ներքին բարքերը հիշեցնում են Հասարակածային Գվինեան: 2003 թ. այս երկրի պետական ռադիոն հայտարարեց, որ նախագահ Նգեման նույնական է երկնքում գտնվող Աստծո հետ եւ Բարձրյալի հետ մշտական կապի մեջ է:

Փաշինյանը թերևս մոռացել է, որ ինքն իշխանություն ունի, քանի դեռ ունի ժողովրդի աջակցությունը: Այդ աջակցությունը, որը պաշտոնավարման սկզբում համարժեք էր 80 %-ին, զգալի, չափազանց զգալի անկում է արձանագրում:

Հարազատի պես միմյանց են փարվել ԲՀԿ-ն ու արտախորհրդարանական ուժերը: Յուրաքանչյուրն ունի գերնպատակ՝ որպեսզի իրեն բեմում նկատեն:

Քանի դեռ պարկեշտության և օրինականության մասին խոսում են նախկինները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանն իրեն ապահով է զգում.  անհրաժեշտության դեպքում քաղաքացիների ընտրությունն իր վրա կկանգնի: Սակայն քաղաքացիներին անընդհատ չարյաց փոքրագույնի  ընտրություն առաջարկելն ազնիվ չէ: Քաղաքացիներն ավելի հասուն են, քան իշխանությունները:

Թեև դատելով ուժային կառույցներին տրվող արտոնություններից՝ նախկին ռեժիմներին ծառայող պաշտոնյաներին, դատական համակարգի ներկայացուցիչներին ռեինկարնացիայի միտումից, վարչապետը զգում է, որ քաղաքացիների աջակցությունը նվազել է:

Կար հնարավորություն առողջացնել ոստիկանական համակարգը, սակայն իշխանություններին, ինչպես տեսնում ենք, ոստիկանությունը անհրաժեշտ է հին տարբերակով՝ բնազդային մակարդակում, իբրև դագանակ՝ քաղաքացիների գլխին: Մարդկանց աջուձախ տուգանելը՝ մեկին ընկույզ ուտելու ժամանակ դիմակ չդնելու, մեկին՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու, մյուսին՝ մի պահ դիմակը քթից իջեցնելու համար, երբ նույն պահին փողոցում տասնյակ մարդիկ առանց դիմակների են, տարօրինակ է:

Օրենքները լուրջ վերանայման անհրաժեշտություն ունեն, քանի որ պատժիչ բաղադրիչը շատ դեպքերում ոլորտների զարգացման խոչընդոտ է: Նախկինում կաշառքով հնարավոր էր շրջանցել անմիտ օրենքները: Հիմա կաշառքը շղթայից դուրս է եկել, ու քաղաքացին մնացել է անորակ օրենքների առաջ՝ միայնակ: Ուկրաինան հետաքրքիր ու կարևոր նախադեպ է այս առումով. այնտեղ օրենք առ օրենք ուսումնասիրում են ու զրոյացնում բիզնեսի զարգացմանը խանգարող կամ բացառապես պատժիչ գործառույթ ունեցող օրենքները:

Մեր իշխանությունները շարունակում են նախընտրել ռետրո տարբերակը՝ օրենքներով հնարավորինս կաշկանդել քաղաքացիներին, գործարարությամբ զբաղվել ցանկացողներին, շեշտը դնել տուգանքներով բյուջեն լցնելու վրա:

Պետական համակարգի դանդաղկոտությունը, պարկեշտ ու պրոֆեսիոնալ մարդկանց համակարգից դուրս մղելն անորոշ ու տագնապեցնող մթնոլորտ է ստեղծում: Ի՞նչ է լինելու հետո:

Թերևս սա այն քիչ հարցերից է, որի պատասխանն ունի վարչապետը (տե՜ս  Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թ. ռազմավարությունը):

Վարչապետ Փաշինյանն այսօր պետական բոլոր կառույցները ծածկել է իր հեղինակության մնացորդներով: Սակայն բոլորից վերցնելով լիազորությունները՝ նա այդպիսով բոլորին ազատում է նաև պատասխանատվությունից: Ստացվում է՝ երկրում ամեն ինչի համար միակ պատասխանատուն նա է, քանի որ մեկ ուրիշը չկա: Իսկ դրա համար վճարելու ենք մենք բոլորս, քանի որ մեկ ուրիշը չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter