HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ օրում երկու հաճելի իրադարձություն

Մհեր Ենոքյան,
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Առավոտվանից անհամբեր սպասում էի և ահա գնում եմ կարճատև տեսակցությունների սենյակ, որտեղ ընտանիքիս հետ ինձ են դիմավորում արդեն հարազատ դարձած հայագետ, բանասեր, գրող Արծվի Բախչինյանը և Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի, քանդակագործ Վիգեն Ավետիսը: Գրկախառնվում ենք: Վիգենի կերպարը ինձ միշտ ոգևորել է, իսկ այժմ մոտիկից եմ տեսնում միջնադարյան խաչակրի և Միքելանջելոյի ոգով, դիմագծերով մեր ժամանակակցին: Նա ինձ է հանձնում «Հավաստագիրը»` «Սասնալանջ կամ Մհերի դուռը» քանդակի փառատոնին իմ կավագործական աշխատանքով մասնակցելու վերաբերյալ, որը անվանել էի «Սիրո և արդարության լույսը»: Օրեր առաջ դիմել էի, որ թույլատրեն լուսանկարել այս պահը, բայց անհիմն կերպով մերժեցին, թե, իբր, ՔԿՀ աշխատակիցը նման իրավունք չունի: Ավելին` բանտի ՍՀԻԱ բաժնի որևէ աշխատակից չմոտեցավ մեզ. դե՛, այս բաժնի գործառույթներն այս անգամ ամենափայլուն կերպով իրականացրեցին փառատոնը իրողություն դարձրած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Վիգեն Ավետիսը և աջակից այլ Մարդիկ: Պատկերացնու՞մ եք`նույնիսկ մեր բերած սուրճն ու շոկոլադը չթույլատրեցին, մենք էլ կախարդական ջրով լցված բաժակներով կենաց խմեցինք, ողջունեցինք իրար: Բնականաբար, 3 ժամը ակնթարթի պես անցավ, բայց հիշողությունները կմնան ամբողջ կյանքում: Քաղաքականությունից գրեթե չէինք զրուցում, այլ սպիտակ մարմարի շնչի մասին, երբ այն Վիգենի մատների տակ կենդանանում է, Սասնալանջի և քարանձավից դուրս եկող Սիրո ու արդարության լույսի մասին, այն մասին, թե ինչպես են Իտալիայում պաշտանմունքի արժանացնում ամեն գեղեցիկը, մեր իրողության մեջ հայտնված քառակուսի մտածելակերպով որոշ արարածների մասին և, անշուշտ, հավատից դեպի Մարդը…

Ժամը 17-ին աշխատակիցը մոտեցավ, տեսակցության ժամն  ավարտվել է, 5-րդ հարկում ինձ են սպասում, որ սկսեն խոհարարական դասընթացներն ավարտած ցմահ դատապարտյալներին «Վկայականներ» հանձնելու միջոցառումը: Բանտում ժամանակավոր հրաժեշտի պահն անխուսափելի է: Գրկախառնվում ենք, հետո միասին միջանցքով անցնում որոշակի հատված ու նորից իրար հրաժեշտ տալիս: «Հավաստագիրը» ձեռքիս բարձրանում եմ ցմահականների բաժին, որտեղ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին խոհարարության դասընթացներին մասնակցած և հաջող քննություն հանձնած մի խումբ ցմահ ազատազրկվածներիս մեր խոհարար-դասախոսները, Art Lanch կազմակերպության ներկայացուցիչները հանձնում են անվանական «Վկայականներ»: Կրկնակի ուրախանում եմ. ավարտական քննությունը հանձնել եմ գերազանց: Իրար շնորհավորում ենք, մեր շնորհակալության խոսքն ասում դասախոսներին: Այդ պահին բանտի ՍՀԻԱ բաժնից նորից ոչ մեկը չկա, իսկ բաժնի պետը միջանցքում`դռան հետևում լուռ կանգնած է: Երբ դասախոսներին հարցրեցինք, թե ինչու արդարադատության նախարարությունից ոչ ոք չի եկել, իմացանք, որ նրանց և արդարադատության նախարարության միջև ինչ-որ անախորժություններ կան: Մեր բարձրաձայնելուց հետո նոր մի աշխատակից մոտեցավ և լուսանկարեց, ինձ էլ խոստացավ լուսանկարները տրամադրել այս հոդվածիս համար, բայց օրեր անց ասաց, թե, իբր, ջնջվել են: Դատապարտյալներս և մեր դասախոսները փոխադարձ գոհ ենք: Իսկ համակարգի համար սա, թերևս, մի ձևական բան էր, որ հարկ եղած դեպքում ցույց տան, թե ինչպես 25 տարվա մեջ առաջին անգամ «Նուբարաշեն» բանտում նման դասընթաց եղավ: Իսկ իրականում սա, ինչպես նաև դատապարտյալի աշխատանքը, ստեղծագործելը, առհասարակ դրական վարքագիծը համակարգի համար ոչ մի արժեք չունեն: Կարծում եմ և ամեն անգամ համոզվում, որ Նոր Հայաստանում էլ կարևոր հարցերը հիմնականում նույն կերպ են լուծվում ինչպես միշտ եղել է`գումարով և ազդեցիկ զանգերով: 

Որքան հիշում եմ`Ալեքսանդր Դյուման իր ստեղծագործություններից մեկում գրել է, որ բոլոր ժամանակների ամենաանմարդկային և ատելի արարածները բանտապահներն են. նրանք հատուկ հոգեկերտվածքով անձինք են, ովքեր հաճույք են ստանում մարդկանց բանտախցերում տանջամահ անելուց: Ես լավերին էլ եմ հանդիպել այս 25 տարիներին, բայց ասել եմ ու կրկնում եմ՝ չլինեն ժամանակակից Եվրոպայի համապատասխան կառույցները, որոնք պարտադրում են հարգել յուրաքանչյուր մարդու և քաղաքացու իրավունքները ու զերծ մնալ բանտերում անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից և պատժից`Հայաստանի քրեակատարողական համակարգը մեկ ակնթարթում կհայտնվի նույն 90-ականների վիճակում, երբ ամենուր ազատազրկվածներին խոշտանգում էին`պարբերաբար ծեծի ու ջարդի ենթարկում, իսկ այժմ այդ խոշտանգումները առավելապես արտահայտվում են`հոգեբանական ծանր տառապանքներ պատճառելու ձևով, երբ օրենքի առջև չկա հավասարություն, երբ իրավական հարթությունից դուրս է գրեթե ամեն բան որոշում՝ կկիրառվի այս կամ այն իրավունքը, թե ոչ, երբ ամեն մի փոքր, թե մեծ պաշտոնյա իրեն երևակայում է հռոմեական կայսր և բութ մատը իջեցնել կամ բարձրացնելով`դատապարտում մահվան կամ կյանք շնորհում, երբ իշխանություն են բանեցնում`հագուրդ տալով իրենց բարդույթներին: Այո՛, այսպիսին է քրեակատարողական համակարգն իր էությամբ, այն չի փոխվել: Այս համակարգը խավարի մեջ է և ատում է Լույսը, որը մեկ-մեկ թափանցում է բանտերի պատերից ներս… 

2020 թվականի սեպտեմբերի 11-ը իմ հուշերում կմնա որպես հարազատներիս հետ ապրած օր, երբ հանդիպեցի միջնադարյան ասպետ, քանդակագործ Վիգեն Ավետիսի ու վաղուց ընկերս դարձած լավ Մարդ Արծվի Բախչինյանի հետ:      



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter