HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արծրուն Հովհաննիսյան. «Մարտական գործողություններն այս պահին բավականին թեժ են»

Արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողություններն այս պահին ընթանում են. մարտերը բավականին թեժ են:

Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ընթացող մարտերից տեսանյութեր են հրապարակվել:

«Հակառակորդը զգալի տեղերում հետ է շպրտվել` զգալի կորուստներ կրելով, նաև հասցրել է հրթիռային, ավիացիոն, հրետանային հարվածներ Պաշտպանության բանակի զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին: Կան որոշակի ավերածություններ, կորուստ, բայց դրանք հիմնականում չնչին են»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին թե' մարդկային, թե' նյութական կորուստները դեռ ամփոփված չեն, քանի որ թեժ մարտեր են, և ինչ-որ տվյալներ ներկայացնելու դեպքում սխալվելու հավանականություն կա:

Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջական երկայնքով կա որոշակի լարվածություն, առավոտյան ադրբեջանական զինված ուժերը ոչ այդքան ինտենսիվ հարվածներ են հղել Վարդենիսի ուղղությամբ:

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ ամբողջ դիվանագիտական ծառայությունն արտակարգ ռեժիմով է աշխատում, դեսպանների կողմից համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպություններին: Բոլորը տեղեկացել են տեղի ունեցող գործընթացների և հայկական կողմի գնահատականների մասին: Վաղ առավոտից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական հաղորդակցության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հետ, ինչպես նաև ՌԴ-ի և  Վրաստանի իր գործընկերների հետ:

«Այն արձագանքը, որ ստանում ենք` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:  Մեր առանջահերթ խնդիրն է` դեէսկալացիան` լարվածության թուլացումը»,-ասաց նա:

Հարցին` հնարավոր է արդյոք, որ այս իրավիճակում Հայաստանն ընդունի Արցախի անկախությունը, Աննա Նաղդալյանն արձագանքեց, որ քանի դեռ չի ավարտվել անվտանգության խորհրդի նիստը, իրավունք չունի օրակարգի վերաբերյալ որևէ հարց բարձրաձայնել:

Հիշեցնենք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: Այս պահին ընթանում է Անվտանգության խորհրդի նիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter