
Դավիթ Կարապետյան. «Քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել»
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավորության թեկնածու, ՕԵԿ անդամ Դավիթ Կարապետյանը:
Ինչու՞ որոշեցիք մտնել քաղաքականություն: Ո՞րն էր այն շարժառիթը, որը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն առաջացրեց:
Մինչ այժմ քաղաքականությամբ չեմ զբաղվել, սակայն քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել: Ազգային-քաղաքական հարցերի բուռն քննարկումներին ականատես եմ եղել դեռևս մանուկ հասակից իմ ընտանիքում: Հայրս` Անդրանիկ Կարապետյանը, 1988 թ. Գորիսում հիմնադրել է Ղարաբաղ կոմիտեն ու կազմակերպում էր բազմահազարանոց ցույցեր՝ ի պաշտպանություն Արցախի, իսկ հետո՝ Հայաստանի անկախության գաղափարի: Իսկ խորհրդային տարիներին հայրս այլախոհ էր, նա իր չորս ընկերների հետ 1983 թ. գաղտնի Վլադիմիրից Հայաստան է տեղափոխել Գարեգին Նժդեհի աճյունը: Նժդեհի աջը մեկ օր մեր տանն է մնացել, որից հետո գաղտնի հուղարկավորել են Խուստուփում: Մայրս այդ մասին վեց տարի չի իմացել: Այսպիսի ընտանիքում եմ ես մեծացել. մեր տունը եղել է մտավորականների հավաքատեղի ու ազգային-պետական հարցերի քննարկման վայր: Մեծանալով այդ մթնոլորտում` ես չեմ կարող անտարբեր մնալ քաղաքական զարգացումների նկատմամբ: Ստանալով բարձրակարգ կրթություն` որոշել եմ իմ կարողությունները ի սպաս դնել պետության զարգացման գործին ու դա անել քաղաքականության միջոցով: Կարծում եմ` վաղուց ժամանակն է, որպեսզի քաղաքական դաշտում ևս տեղի ունենա սերնդափոխություն և ասպարեզ գան երիտասարդ պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն մրցունակ կրթություն, աշխատանքային փորձ, բարոյական նկարագիր և սրտացավություն մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ:
Դուք վերջին ավելի քան երեք տարիների ընթացքում ծառայության էիք պաշտպանության նախարարությունում: Ի՞նչ տվեց բանակը Ձեզ, և ինչպես եք դա օգտագործելու Ազգային ժողովում:
Բանակում հղկեցվեցին իմ շատ հատկանիշներ, որոնք օգտակար են լինելու ողջ կյանքում: Նախևառաջ ինքս իմ նկատմամբ կարգապահ ու խստապահանջ դարձա: Բանակը, հանդիսանալով պետության հենասյուներից մեկը, բնականաբար գտնվում է հանրային մեծ ուշադրության ներքո: Որպես մամուլի քարտուղար՝ իմ աշխատանքի ժամանակ եղել եմ հանրային ուշադրության կենտրոնում: Սա այն դեպքն է, երբ դու հաշվետու ես ինչպես քո վերադասին, այնպես էլ հասարակությանը: Արել եմ առավելագույնը` պատշաճ կերպով իրականացնելու իմ ծառայողական պարտականությունները` գիտակցելով պատասխանատվության այն չափը, որը դրված է բանակը ներկայացնող մամուլի քարտուղարի խոսքի ամեն բառի մեջ: Բանակը ինձ շատ բան տվեց, իսկ ես փորձեցի իմ կրթությունը ծառայեցնել բանակին, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն ու առողջությունն են տվել: Իմ աշխատանքը նրանց զոհողությունների համեմատ ոչինչ է: Խոսելով բանակում իմ գործունեության մասին` ցանկանում եմ նշել, որ ինձ համար մեծագույն պատիվ էր աշխատել Սեյրան Օհանյան անհատականության հետ: Դա բարեկրթության ու հերոսականության մի դպրոց էր, որի դասերը իմ հետագա վարքագծում վստահաբար իրենց զգալ են տալու: Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում այնտեղ եմ տանելու աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցում և մարտահրավերներին դիմագրավելու վճռականություն:
Ինչու՞ որոշեցիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով, ո՞րն էր Ձեր ընտրության շարժառիթը:
Քաղաքական թիմի իմ ընտրությունը մի քանի հանգամանքով էր պայմանավորված: Ազգային ժողովը օրինաստեղծ գործունեության համար է, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին տարիներին մեծաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է և առանձնանում է իր ակտիվ օրինաստեղծ գործունեությամբ: «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում այսօր ընդգրկված են երիտասարդ պրոֆեսիոնալներ, ովքեր ուսանել են եվրոպական ու ամերիկյան լավագույն համալսարաններում: Նրանք բարեկիրթ են, ունեն աշխատանքային փորձ ու պետության ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում: Այդ թիմը խոստումնալից է, և կարծում եմ` թիմային աշխատանքով մեզ հաջողվելու է Ազգային ժողովում օրենսդրական արդյունավետ գործունեությամբ զբաղվել ու քաղաքական դաշտում ունենալ մեր սեփական ձեռագիրը:
Ազգային ժողովում ո՞րն է լինելու Ձեր գործունեության ուղենիշը:
Նախ պատգամավոր ընտրվելու համար պետք է ստանալ ժողովրդի քվեն: Իսկ այն ունենալու դեպքում ամեն ինչ անելու եմ, որպեսզի լինեմ օրինակելի պատգամավոր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել