HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ր թուրք պատմաբանը կհամարձակվի այսպիսի Թուրքիայում անաչառ վերլուծություն կատարել

Մարդու իրավունքների պաշտպանության` հայկական խնդրով աշխատող թուրքական կազմակերպությունները հաճախ են իրենց հայ գործընկերներին կոչ անում ծրագրեր իրականացնել ոչ միայն հայ-թուրքական թեմաներով, այլև` զուտ ժողովրդավարական: «Եկեք միասին հասնենք նրան, որ Թուրքիան դառնա ժողովրդավարական երկիր, այդ դեպքում հայոց ցեղասպանության հարցը շատ ավելի հեշտ կլուծվի»,- ասում են նրանք: Սակայն, մի կողմից, Թուրքիան կարծեք թե զգալիորեն նահանջում է ժողովրդավարություն կառուցելու քաղաքական վճռից, մյուս կողմից` էթնիկ հայերը բազմաթիվ դժվարություններ ունեն Թուրքիայի ժողովրդավարացման ընթացքին մասնակցելու: Այդ թվում` թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող անմեղ մարդկանց պաշտպանելու հարցում: Միշտ տագնապ կա` ավելի չվնասել հետապնդվողին: Հայերի կողմից Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ցանկացած փորձ կարող է ծառայել ճիշտ հակառակին: 

Այդ երկրում, ահա, պատրաստվում են դատել մի մարդու, ով, անսալով պատմության անաչառ վերլուծության մասին միջազգային հարթությունում թուրքական իշխանությունների բազմիցս բարձրաձայնած  պնդումներին, ընդամենը փորձել է հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր հրատարակել: Խոսքը հայտնի հրատարակիչ և մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլույի մասին է: Զարաքոլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007 թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:

Պատմությունը անաչառ ներկայացնելու թուրքական պնդումների մասին Հայաստանում և հայկական շրջանակներում երբևէ հավատ չներշնչած  հայտարարությունների սնանկությունը, սակայն, կարելի էր շրջանցել, եթե պատմությանը և Թուրքիայի արժանապատվությանը լուրջ վերաբերող թուրք մտավորականներն ու  վերլուծաբանները տարբեր ձևերով հետապնդումների, այդ թվում պատիժների չենթարկվեին: Թաներ Աքչամի հետապնդումներից հետո այսօր թուրքական իշխանությունների հիմնական թիրախը կարծեք թե հիմնականում Ռագըփ Զարաքոլուն է, ում կալանավորել են 2011թ. հոկտեմբերի 27-ին և մոտ հինգ ամիս անազատության մեջ գտնվող այդ մտավորականին այժմ էլ մեղադրանք է ներկայացվում, ըստ որի նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում («Ազգ», 2012թ. մարտի 21): Սա, իհարկե, լավ դաս է թուրքական պատմաբաններին, եթե նրանք հանկարծ ներգրավվեն Թուրքիայի «անաչառ պատմության» շարադրանքին կամ, ով գիտե, Հայոց ցեղասպանության խնդրի քննարկման համար Թուրքիայի կողմից առաջարկվող պատմաբանների հանձնաժողովում:

Թուրքական ընթացիկ իրականությունն առհասարակ գնալով ավելի է հիշեցնում 20-րդ դարի սկզբի Թուրքիան, երբ 1908 թ. սահմանադրությամբ և «լուսավորյալ, եվրոպականացած» երիտթուրքերի բերած թարմությունը խանդավառություն էր առաջացրել թուրքական հասարակությունում, որն արագորեն փոխվեց մոլի ազգայնականությամբ և ավարտվեց 1915 թ. սկսված Հայոց ցեղասպանությամբ: Այսօրվա թուրքական ժողովրդավարությունն արդեն իսկ խիստ թաթախված է իշխանության կողմից ակտիվորեն խրախուսվող ազգայնականությամբ: Դրա ցայտուն դրսևորումներից են «Կիպրական պետություն գոյություն չունի» Էրդողանի հայտարարությունը, հայատյացություն սերմանող գրականության անվճար բաժանումը դպրոցներում, ապրիլի 24-ին հայազգի զինվորի սպանությունը բանակում, Բաբերդ (այսօր` Բայբուրթ) քաղաքը «հայերից ազատագրելու» տոնակատարությունը, այդ «տոնահանդեսին» հայերից վրեժ լուծելու՝ իշխող կուսակցության անդամ քաղաքապետի կոչն ու հայերին խողխողելու իմիտացիոն թատերական ներկայացումը (http://regnum.ru/news/polit/1502968.html), «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով թուրքական ինքնության պարտադրումը ինքնության ճգնաժամ ապրող ադրբեջանցիներին (թուրքական պաշտոնական եզրաբանությունում արդեն իսկ «ադրբեջանցի» էթնանունը փոխվել է «թուրքի»): Օրինակ, Խոջալուի մասին թուրքական մեջլիսի 23.02.12 թ.-ի հայտարարության  մեջ խոսվում է «ադրբեջանցի թուրքերի» զոհվելու մասին (տես http://regnum.ru/news/polit/1502273.html), ընդ որում հայտարարության տեքստը պատրաստել է թուրքական մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկըրը, այսինքն ադրբեջանցիներին «թուրքեր» անվանելու պատասխանատուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է: Կամ` 2012 թ. փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում, որը, թուրքական մամուլի հաղորդումների համաձայն, ամբողջովին կազմակերպվել էր թուրքական իշխանությունների կողմից (տես http://news.am/arm/news/95020.html), և որին ակտիվորեն մասնակցել են Ստամբուլի նահանգապետն ու Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը,  հնչեցված հիմնական կարգախոսները դպրոցներում ամեն օր կրկնվող «Ես հպարտ եմ, որ թուրք եմ»-ն էր,  և «Ղարաբաղը մերն է և մերն է լինելու» (տես  http://regnum.ru/news/polit/1502996.html): Այսինքն` այլևս թուրք են բոլորը` ադրբեջանցիները և թուրքերը, բոլորը հպարտ են թուրք լինելու համար և «Ղարաբաղը մերն է» հնչեցնողը ոչ միայն Ադրբեջանն է, այլև` Թուրքիան: Այս դիրքորոշմամբ է Թուրքիան ձգտում մասնակցել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը: Հատկանշական է այդ հանրահավաքին ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի հայատյաց ելույթը, այդ թվում հաշվեհարդարի սպառնալիքը. «Այդ օրը արյուն է թափվել, սակայն դրա պատասխանը չի տրվել։  Այդ արյունը գետնին չի մնալու։ Այդ արյան հաշիվը միասին պահանջելու ենք Ստամբուլում, Բաքվում եւ այլուր»։ Հիրավի, մի նոր Թալեաթ (http://news.am/arm/news/95020.html): Թուրքական հայտնի Taraf թերթի սյունակագիր, ազգությամբ հրեա Ռոնի Մարգուլիսը, անդրադառնալով  փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական ակցիային, տարակուսում է, որ «ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը ելույթ է ունենում մի ցույցի ժամանակ, որտեղ պարզված պաստառի վրա իր երկրի քաղաքացուն անվանում են «վիժվածք»… Նորմալ երկրում ապրեինք, ոչ միայն այդ նախարարը հրաժարական կտար, այլ նաև ամբողջ կառավարու­թյու­նը» (http://news.am/arm/news/95643.html):

Թուրքիայում «Մամուլում ատելություն սերմանող նյութերի ուսումնասիրման զեկույց»-ի 2011 թ. հոկտեմբեր 29-ի համարում նշված է, որ ատելություն և քեն սերմանող նյութերում հայերի դեմ ուղղված հրապարակումները գերակշիռ մաս են կազմել։ Թերթերի հրապարակումների մեջ նշվել են «PKK-ն հայկական կառույց է», «Հայի վաստակ», «հայի գլուխ», «դավաճան», «հիմնական թշնամին հայերն են» և նմանատիպ այլ արտահայտություններ (տես http://news.am/arm/news/79804.html): Ինչո՞վ այս ամենը չի հեշեցնում 1915թ. նախօրեն։ Իսկ անազատության մեջ գտնվող թուրք մտավորականը` Ռագըփ Զարաքոլուն դեռ հույս ունի, որ կարելի է փրկել իր հայրենիքի պատիվը: 1912թ. հունվարի 11-ին նա իր փաստաբանի միջոցով Թուրքիայի Ազգային մեծ ժողովին խնդրագիր է փոխանցել, որում կառույցին կոչ է արել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախա­շեմին ճանաչել 20–րդ դարի այդ ոճրագործությունը. «1915թ. ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի Հանրապետությունն այս ծանր, բայց միաժամանակ ազնվական պարտավորությունը բոլոր քաղաքացիների անունից իր վրա պետք է վերցնի», թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասված է նրա խնդրագրում (http://tert.am/am/news/2012/01/11/rakeb-zarakoghlou): Սակայն ազգայնականությունն ավելի ու ավելի պաշտոնականացնող Թուրքիայում այս կարգի մոտեցումները դատապարտված են, հատկապես 2010թ. ընթացքում ձևավորված թուրքական կառավարության ներկայացուցիչների կողմից, ովքեր իրենց տեղերը շահեցին հիմնականումում ազգայնական քվեների հաշվին:  Հատկանշական է, որ թուրքական քվեները շահելու թեժ մրցակցությունն առհասարակ ընթանում է գլխավորապես ազգայնական գաղափարների շրջանում, ինչը լրացուցիչ փաստում է մի կողմից գիտակցված ազգայնականության հանդեպ հասարակական խոր համակրանքը, մյուս կողմից խթանում է ազգայնականության նոր զարգացումները:  Իսկ թուրք ազգայնականների համար հակահայկականությունը ոչ միայն վերջին տեղում չէ, այլև ատելություն և քեն սերմանող լրագրողական նյութերում հայերի դեմ ուղղված հրապարակումները գերակշիռ մաս են կազմում:

Ընդամենը չորս ամիս առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը կրկնեց միջազգային հարթության համար թուրքական բոլոր մակարդակների իշխանությունների բարձրաձայնվող հայտարարությունը. «1915 թ. իրադարձությունների առնչությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ։ Մենք բացել ենք մեր արխիվները և պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները։ Վստահ եմ՝ սխալ տեղեկությունների հիման վրա դատողություններ անելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քննարկել մեր գիտնականների կողմից ներկայացվող իրողությունները» (տես http://tert.am/am/news/2011/11/18/turkey-genocide): Միջազգային հանրությանը վերապահվող այս հայտարարությունների կողքին, սակայն, թուրքական հասարակությանը այլ խոստում է տրվում. «հանգստացեք, մենք կպատժենք պաշտոնական պատմությունից շեղվող ցանկացած քայլ»: Ռագըփ Զարաքոլուին պատժելու միջոցով սպառնում են պատմաբաններին: Ո՞ր թուրք պատմաբանը կհամարձակվի այսպիսի Թուրքիայում անաչառ վերլուծություն կատարել։

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter