HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հռոմի Ֆրանցիսկոս I պապը Կովկասում խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս I պապը Կովկասում խաղաղության կոչ է արել՝ հորդորելով արցախյան հակամարտության սրման ֆոնին հրաժարվել ցանկացած հակասության ուժային լուծումից։ Այդ մասին կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայտարարել է կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ՝ հավատացյալներին դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակից։

«Տագնապալի լուրեր են ստացվում Կովկասից։ Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում հակամարտության կողմերին հստակ քայլեր ձեռնարկել բոլոր խնդիրների առանց ուժի կիրառման լուծման համար»,- նշել է Ֆրանցիսկոս I պապը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Վերջին տվյալներով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 անօդաչու թռչող սարք, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։

Լուսանկարը՝ infovaticana.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter