HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Արտախորհրդարանական ուժերն անկախ քաղաքական տարաձայնություններից համախմբվածության կոչեր են անում

Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին ռազմական գործողություններով պայմանավորված միասնականության կոչեր են հնչեցնում։ 

Հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը(ՀՀԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը(ՀՅԴ), ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցությունը և «Սասնա ծռեր» կուսակցության կորիզի հիման վրա ձևավորված «Ազգային–ժողովրդավարական բևեռը»։

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին: Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնաատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից:

Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից: ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին: Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք»։

ՀՅԴ գերագույն մարմինն էլ համոզված է, որ մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունքը, ժողովրդի համախմբումը, միասնականությունը: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է Հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս Հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը»,– ասված է ՀՅԴ ԳՄ–ի հայտարարությունում։

«Հայրենիք» կուսակցությունը մի կողմ է դնում իշխանություների հետ ունեցած տարաձայնությունները։ Կուսակցության հայտարարության մեջ ասված է․ ««Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին: Հայկական Զինված Ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, հաղթելու ենք նաև հիմա»:

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խումբն էլ կոչ ենք անում այս պատասխանատու պահին դրսևորել զգոնություն, միահամուռ կամք, չցուցաբերել ինքնագործունեություն և պատրաստ լինել Հայրենիքի պաշտպանությանը:

«Միևնույն ժամանակ, կոչ ենք անում վստահել միայն հայկական պաշտոնական աղբյուրներին և զերծ մնալ թշնամու ապատեղեկատվությունից»,– ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter