HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում համացանցի սահմանափակման պատճառը բնակչության շրջանում զանգվածային խուճապն է

Ադրբեջանում համացանցի սահմանափակման պատճառը Ադրբեջանում առկա զանգվածային խուճապն է, բնակչությունը զանգվածաբար լքում է սահմանամերձ բնակավայրերը։ Այդ մասին «Հետք»-ին հայտնել է ադրբեջանցի վտարանդի գործընկերներից մեկը։ Վերջինիս խոսքերով՝ այս պահին սահմանամերձ բնակավայրերից մարդիկ շարժվում են դեպի երկրի խորքերը։

Ավելի վաղ Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ երկրի տարածքում սահմանափակվել է համացանցի մատակարարումը։ Որպես պատճառ նշվում էր «Հայաստանի կողմից հնարավոր պրովոկացիաների կանխարգելումը»։ «Հուսանք, Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնումով կմոտենան այս սահմանափակումներին, որոնք կարող են առաջանալ համացանցի հետ՝ հակամարտության պայմաններում»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի քաղաքացիները դժգոհում են, որ վաղ առավոտից չեն գործում WhatsApp-ը, Telegram-ը, Facebook-ը։ Գործում է միայն Twitter-ը, ինչը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը հիմնական քարոզչությունն իրականացնելու է հենց այս հարթակում։

Ադրբեջանի սահմանամերձ բնակչության շրջանում առկա խուճապի մասին վկայում է նաև թուրքական «Անադոլու» գործակալության տարածած տեսանյութը։ Փորձագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ TRT Haber-ի փոխանցմամբ՝ տարհանվել են սահմանամերձ Աղդամի և Թարթարի բնակիչներն ու տեղափոխվել Բարդա։

Ինտերնետ կապի մատակարարման սահմանափակումներով Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը ձգտում է սահմանափակել տեղեկատվության հոսքն այդ երկրում, ինչպես նաև ֆիլտրել այն՝ փորձելով կանխել խուճապային տրամադրություններն այդ երկրում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունների տվյալներով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 անօդաչու թռչող սարք, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։

Լուսանկարում TRT Haber-ի սքրինն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter