
Նիկոլ Փաշինյան. «Այսօր չկա շարքային ու գեներալ, չկա պաշտոնյա ու պատգամավոր, մենք բոլորս մեր ժողովրդի զինվորներն ենք»
Կառավարության ընդունած ռազմական դրության որոշումից հետո խորհրդարանում իրավունքի ուժով հատուկ նիստ է գումարվել: Ներկա են Կառավարության անդամները, հիմնական զեկուցմամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը Ադրբեջանի ռազմական գործողությունները բնորոշեց որպես Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախը օկուպացնելու եղանակ:
«Հաշվի առնելով այն, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների նկատմամբ հարձակման անմիջական սպառնալիք, Կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է Առաջին շարակարգի մասնակի զորահավաք: Այս պահին Արցախի ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով հատկապես հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մղում է մարտեր իրադրությունը լարված է»,-ասաց գերագույն գլխավոր հրամանատարը:
Փաշինյանը հիշեցրեց, որ հակառակորդը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ուստի զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Վնասներ է կրել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:
Փաշինյանի խոսքով` ռազմավարական առումով տեղի ունեցածի մեջ անսպասելի որևէ բան չկա, որովհետև հայ ժողովրդի առաջ խնդիր էր դրվում հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ: Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ամուր կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում:
«Ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, անցյալի, ինքնության և արժեքների դիրքերից. մենք հաղթելու ենք: Այսօր չկա շարքային ու գեներալ, չկա պաշտոնյա ու պատգամավոր, մենք բոլորս մեր ժողովրդի զինվորներն ենք: Տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն, ամուր պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը»,- ասաց նա:
Երկրի ղեկավարն ընդգծեց` այսօր խորհրդարան չի եկել` ասելու, թե ինչի են պատրաստ զինվորականները, այլ` ինչի է պատրաստ ինքը:
«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել ու չի լինելու… Երբ ասում ենք բոլորս զինվոր ենք, մի ուղերձ ունենք` մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի: Մեր հայրենքը ոչ մի միլիմետր չենք զիջելու, մենք պիտի հաղթենք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` Ադրբեջանի նախապայմանն այն է եղել, որ Արցախը Ադրբեջանի մարզ ճանաչվի, և եթե նման համաձայնություն լիներ, լայնածավալ գործողություններ չէին սկսվի:
Մեկնաբանել