
Մահացել է Տոնինո Գուերան
Տոնինո Գուերան գնաց միանալու իր հաճարեղ ընկերներին՝ Ֆեդերիկո Ֆելինիին, Միքելանջելո Անտոնիոնիին, Թեո Անգելոպուլոսին եւ այլ կինոյի մեծերին, որոնց հետ աշխատել էր այս աշխարհում, ում հետ ստեղծել էր 60-80-ականների կինոարվեստի գագաթը համարվող ֆիլմերը:
Տոնինոն մեր փառատոնի լավ բարեկամն էր: Առաջին իսկ Երեւան այցելելուց սիրեց Հայաստանը, նրա մարդկանց, «Ոսկե ծիրանը»: Մենք էլ սիրեցինք այդ պարզ ու անսահման կենսասեր մարդուն, քանի որ նրան հնարավոր չէր չսիրել: Նա ոչ միայն նվիրել էր իրեն կինոյին, պոեզիային, արվեստին, նա նվիրում էր իրեն յուրաքանչյուրին, ում հանդիպում էր:
Տոնինո Գուերան առաջինն էր Փարաջանովի կալանավայրում կաթի շշի կափարիչներից ստեղծած թալերները դարձրել հուշամեդալ եւ նվիրել Ֆելինիին: Մենք էլ նրա օրինակով սահմանեցինք այդ նույն թալերը որպես համաշխարհային կինոյում վաստակի համար պարգեւ: Առաջիններից մեկն այդ պարգեւին արժանացավ Տոնինո Գուերան:
Տոնինոյի գնալով այս աշխարհից մի քիչ լույս պակասեց, իսկ կինոյի աշխարհից՝ մի մեծ արեւ:
«Ոսկե ծիրան»
Մեկնաբանել