
«Նորք-Մարաշ» ԲԿ-ում արյուն հանձնելու համար հերթը չի դադարում
«Նորք մարաշ» բժշկական կենտրոնում (ԲԿ) սեպտեմբերի 28-ի առավոտից բացասական արյան հանձնելու հերթեր են: Դեռ երեկոյան բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ զինվորների համար բացասական արյուն է հարկավոր, և ահա գիշերվանից քաղաքացիների հոսքը չի դադարում: Հերթագրման համար մոտենում է մի կին` «ժողովու՛րդ ջան, ես էլ եմ բժիշկ, հիվանդներիս գրանցել, եկել եմ, թույլ տվեք անցնել»:
Հավաքվածները ճանապարհ են տալիս: Բոլորի դեմքը մտահոգ, հայացքները` հեռախոսներին: Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն է: Սահմանային իրավիճակն է ներկայացնում, ու սենյակի տարբեր հատվածներից ասուլիսից հատվածներ են լսվում:
Երեք ընկեր են մոտենում, պարզվում է` երեքի տվյալներն էլ չեն համապատասխանում արյուն հանձնելու համար. մեկի մոտ ճնշման խնդիր է, մյուսը ճարպոտ սնունդ է կերել, երրորդինը բացասական չէ, բայց տղաներն ինչ-որ տարբերակներ են փնտրում արյուն հանձնելու համար: «Բժշկուհի՛ ջան, դեղ կխմեմ որ ճնշումս բարձրանա, ու կգամ»,-ասում է երիտասարդը:
Սենյակի մյուս հատվածում պատանի է նստած, անհանգսիտ շարժումների պատճառով պայուսակից գրքեր են ընկնում, հարցնում եմ` դպրոցական եք, ասում է` չէ, Բժշկական համալսարանի ուսանող, թույլտվություն եմ վերցրել, որ արյուն հանձնեմ ու գնամ դասի, ապա հավելում է` եղբայրս էլ այս պահին առաջնագծում է:
Արյուն հանձնելու համար հավաքվածները շատ են, շատերը նույնիսկ չգիտեն իրենց արյան կարգը, բայց եկել են տեղում պարզել ու հանձնել: Մի փոքրամարմին աղջիկ է մտնում ԲԿ, տեսնելով ընկերուհիներին ասում է` որոշել էր խաբել, որ 47 կգ է, սակայն տեսել է ընդունարանում տեղադրված կշեռքը:
Սենյակի մի անկյունում ամուսիններ են իրենց մանկահասակ որդու հետ, կնոջ արյունն է բացասական: Ասում է` բարեկամ չունեն առաջնագծում, սակայն իրավիճակից ելնելով ցանկություն կա օգնելու: Հերթն էլ չի վախեցնում, ոգևորիչ է, որ այդքան մարդ եկել է իր աջակցությունը հայտնելու:
Սոնա Սիմոնյանն էլ ասում է, որ ըստ իրեն արյուն հանձնելը պետք է մեր ապրելակերպի մի մասը կազմի, իր արյան կարգն էլ շատ տարածված չէ` երրորդ բացասական, ուստի որոշել է հանձնել: Մի անգամ էլ Յոլյանի անվան արյունաբանական ԲԿ-ում է արյուն հանձնել` քաղցկեղով հիվանդ երեխայի համար:
Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչներ, հայր ու որդի Սիմոն ու Հովհաննես Ասատրյաններն էլ, դեռ գիշերը լսելով հայտարարության մասին, որոշել են վաղ առավոտյան գալ: Ասում են` այս պահին ինչով կարող ենք, օգնենք:
Շատերը չեն ցանկանում հանրայնացնել իրենց աջակցության մասին: Ասում են` թող արյան պաշարը շատ լինի, բայց օգտագործելու կարիքը քիչ լինի: Գիշերվանից մինչ առավոտ «Նորք Մարաշ» ԲԿ-ում բացասական կարգի արյուն է հանձնել 60-ից ավելի քաղաքացի:
Մեկնաբանել