Առաջարկվում է կիրառել տնտեսական եռափուլ ծրագիր
Այսօր «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը. հետևություններ Հայաստանի համար» թեմայով։
Բանախոսը` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, տնտեսագետ Ալեք Ենիգոմշյանը, հանգամանորեն ներկայացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներքին մեխանիզմները, համաշխարհային տնտեսության առկա վիճակը, տնտեսության իրական և ֆինանսական հատվածների բնութագրերը: Մասնավորապես մատնանշվել է ֆինանսական և իրավական հատվածների անհամապատասխանությունը, ֆինանսական հատվածի սպեկուլյատիվ և ուռճացված վիճակը:
Ալեք Ենիգոմշյանը համեմատական վերլուծություն է կատարել համաշխարհային տնտեսության վերջին տասնամյակների զարգացման փուլերի միջև՝ մատնանշելով վերջին տասնամյակներում կատարված նեոլիբերալիստական քաղաքականության արմատները ստեղծված իրավիճակում: Ընդգծելով, որ համաշխարհային ճգնաժամը մարտահրավեր է նաև գործող տնտեսավարման համակարգին, և աշխարհը այժմ փնտրտուքների մեջ է, ուստի փորձում է ստեղծել այլընտրանքերին տնտեսավարման համակարգեր:
Բանախոսը կարծիք է հայտնել, որ ապագան ցանցային, ուղղահայաց կապերի և համագործակցության այնպիսի մեխանիզմների ստեղծման մեջ է, որոնք չեն հետապնդում շահույթ, այլ հիմնվում են ընդհանուր շահերի վրա:
Անդրադառնալով Հայաստանին՝ Ենիգոմշյանը մատնանշել է համաշխարհային տնտեսության ներքին` քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծած տնտեսական և սոցիալական խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանում առկա իրավիճակում գործող կառավարման համակարգը ի վիճակի չէ հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները՝ առանց այդ համակարգի ապամոնտաժման:
Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ բանախոսը առաջարկել է ժամանակագրական առումով եռափուլ ծրագրի կիրառում, որտեղ կարևորվելու է գործող մենաշնորհային տնտեսության վերացումը, տնտեսավարման պայմանների բարելավումը, սոցիալական քաղաքականության ակտիվացումը և տնտեսության մեջ պետության դերի բարձրացումը՝ արձանագրելով նաև պետության կողմից քարշակ արտադրությունների, ձեռնարկությունների, ընկերությունների ստեղծումը, որոնք կարող են խթան հանդիսանալ տնտեսության այլ հատվածների զարգացմանն ու տնտեսության աշխուժացմանը:
Մասնակիցները, ինչպես հայտնում են «Սարդարապատ» շարժման մամլո ծառայությունը, կարծիքներ են հայտնել պետության դերի, պետական կապիտալիզմի, պետական ձեռնարկությունների, ֆինանսական հատվածի պետական վերահսկողության և կարգավորման մասին, կարևորելով տնտեսության զարգացման համար պետության դերի շեշտակի բարձրացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել