HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահը կոչ է անում ռազմական դրության պայմաններում թույլ չտալ հարկային իրավախախտումներ

Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով ռազմական դրության պայմաններում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցություն և թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը:

«Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին: Վստահաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես կանգնած են Ազատ Արցախի թիկունքին: Այս օրերին Պաշտպանության բանակի քաջարի զինվորները կենաց և մահու պայքար են մղում Արցախի Հանրապետության անկախության, թշնամուն հետ շպրտելու և խաղաղություն պարտադրելու համար:

Այսօր հայ ազգը միասնական է առավել քան երբևէ և ցանկացած հայ պետք է գիտակցի իր կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:

Ուստի, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անունից կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցության և հայրեսիրական նվիրումի բարձր մակարդակ և, առավել ևս այս օրերին, երբ պետական կառավարման համակարգն աշխատում է ռազմական դրության պայմաններում, թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը: Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին: 

Հիշե՛ք, որ հարկային իրավախախտման ամեն մի դեպքով պետական բյուջե չի մուտքագրվում որոշակի գումարի հարկ: Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter