ՊԲ հրամանատարի տեղակալ․ «Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին»
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ և ժամ առ ժամ ավելանում ու աճում է։ Նշված ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաև՝ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը՝ պատճառելով նրան կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ։
Ըստ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի՝ ժամը 17։00-ի սահմաններում արձանագրվել են հակառակորդի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավելի անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ։ Նախնական տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ և 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ։
«Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը՝ այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների։ Մենք ուժեղ ենք, քան երբևիցե, քանի որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,-նշեց Արթուր Սարգսյանը։
Վերջինս նաև հայտնեց, որ տեղի են ունեցել դիրքային փոփոխություններ մասին որոշակի դիրքային խորության, տեղի են ունեցել գիշերային համառ մարտեր։
Հարցին, թե որքանով է հավաստի Ադրբեջանի գեներալի գերեվարության մասին տեղեկությունը, Սարգսյանը նշեց, որ Պաշտպանության բանակում այդ մասին հավաստի տվյալներ չկան, դա ընդամենը ենթադրություն է։
«Թե՛ թիկունքային և թե' տեխնիկական, և առավել ևս մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր Պաշտպանության բանակը չունի։ Ադրբեջանի հաջողությունները ժամանակավոր եղել են դիրքային և անընդհատ փոփոխական, իրենք սովորաբար օգտագործում են այն ուղղությունների բնակավայրերի անունները, որտեղ ընթանում են համառ մարտեր՝ օգտագործելով լարվածությունը»,- հայտնեց Արթուր Սարգսյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել