Արցախի Աժ նախագահ․ «Արցախի դեմ ուղղված այս պատերազմը ոչ թե Ադրբեջանի ժողովրդի, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու պատերազմն է»
«Բարի երեկոյի փոխարեն՝ հաղթելու ենք»։ Այսպես սկսեց իր ելույթը Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, այնուհետև նշեց, որ այսօր Արցախի Ազգային ժողովում չկան 5 կուսակցություններ, այսօր կա մեկ կուսակցություն, դա Արցախի ժողովրդի կուսակցությունն է։
«Այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան։ Հավաստիացնում ենք, որ մեր բանակն արդեն կասեցրել է թշնամու գրոհը, մեր բանակն ի վիճակի է այն տեղափոխելու թշնամու տարածք, և մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-1994 թվականներին ադրբեջանա-ղարաբաղյան առաջին պատերազմի, 2016 թվականի ապրիյան պատերազմի և Տավուշի հունիսյան դեպքերի ժամանակ»,- հայտնեց Արթուր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել։
«Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պահպանում է չեզոք դիրք, և կարծում եմ՝ ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարը կայանա։ Ադրբեջանն ասում է՝ բանակցություններով հարց չի լուծվի, բայց երբ է Ադրբեջանը բանակցել Արցախի իշխանությունների, ժողովրդի հետ։ Մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանում։ Կարծում եմ՝ Արցախի դեմ ուղղված այս պատերազմը ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ՝ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու։ Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու։ Հարցերի այն շրջանակը, որը կա, ոչ թե վերաբերում է Երևանին, այլ վերաբերում է Բաքվին և Ստեփանակերտին։ Մենք ունենք արդեն 3 ադրբեջանա-արցախյան պատերազմ, ընդ որում՝ սեպտեմբերյան պատերազմը շարունակվում է»,-նշեց Արցախի ԱԺ նախագահը։
Վերջինս խնդրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ոչ միայն վերականգնել Բուդապեշտյան գագաթնաժողովը, այլև հաշվի առնել այն փաստը, որ Արցախի իշխանությունները՝ որպես պատերազմող կողմ, մասնակցում են բանակցություններին։
«Ամեն մի պատերազմ հակամարտություն է, բայց ամեն մի հակամարտություն պատերազմ չէ։ Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված քաղաքակիրթ աշխարհին, և մենք սպասում ենք քաղաքակիրթ աշխարհի որևէ պետության կողմից Արցախի անկախության ճանաչումը»,-ասաց նա։
Ըստ ԱԺ նախագահի՝ պատերազմի այսպիսի շարունակության դեպքում Արցախի Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը։ Արցախի անկախության ճանաչման հարցը չպետք է դառնա քաղաքական թեմա։ Պետք է Հայաստանի երեք քաղաքական ուժերը միասին մտնեն խորհրդարան։ Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք։
«23 տարի առաջ ես Արցախի Ազգային ժողովի նախագահն էի, և այն ժամանակ էլ Հայաստանի քաղաքական իշխանությունների հետ պայմանավորվածություն կար, որ պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանի Ազգային ժողովը ճանաչելու է Արցախի Հանրապետության անկախությունը։ Մենք ամեն օր հեռախոսազրույց ենք ունենում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, և չկա մի հարց, որ բարձրացվի Արցախի կողմից և դրական լուծում չստանա»,- տեղեկացրեց Թովմասյանը, և հավելեց, որ Հայաստանի Ազգային ժողովը Արցախի անկախության ճանաչումը բաց է թողել մի քանի անգամ։ Հիմա վարչապետի հանձնարարությամբ Ազգային ժողովում քննարկվում է այդ, ինչպես նաև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել