HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արցախի ԱԳ նախարար. «Մեր մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են մշտական ռեժիմով»

Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանը տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ԱԳՆ-ն ընդունել է նոր հայտարարություն ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիության հանդեպ իրականացվող հանցագործության մասին, եւ փաստաթուղթն արդեն իսկ տարածվել է ԵԱՀԿ-ում։ Ըստ նախարարի՝ փաստաթղթում ներկայացվում է, որ կոպիտ խախտումներ եւ հանցագործություն է տեղի ունեցել. Ադրբեջանը խախտում է իր իսկ ստորագրած ժնեւյան կոնվենցիան, որին միացած է նաեւ Արցախը։ «Մեր մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են մշտական ռեժիմով, տարբեր գործիչներ եւ կազմակերպություններ աշխատանք են տանում, որտեղ դատապարտում են ադրբեջանական ագրեսիան», - նշեց ԱԳ նախարարը։

Նախարարի խոսքով՝ բոլոր մայրցամաքներում կազմակերպվել են մոբիլիզացված ախատանքներ, իսկ մշտական ներկայացուցիչների միջոցով կա նաեւ հաջողություն տեղեկատվական դաշտում։ Մայիլյանը պնդեց՝ աշխատանքներ են կատարվում տարբեր ԶԼՄ-ի հետ, պարզաբանվում է Արցախի դիրքորոշումը, պարզաբանվում է՝ ինչ է կատարվել սեպտեմբերի 27-ի առավոտյան եւ անցած երկու օրերի ընթացքում։

Ըստ նախարարի՝ ներկայացուցիչները համակարգում են աշխատանքները սփյուռքի կառույցների հետ, որոնք ցանկանում են օգնել Արցախին, Արցախի ժողովրդին։

Անդրադառնալով այլ պետությունների արձագանքներին՝ նախարարը նշեց, որ ամենակարեւոր հայտարարությունը ԱՄՆ Պետական դեպարտամենտինն է, որը տարբերվում է ոչ միայն պատերազմական գործողությունները դադարեցնելու եւ բանակցությունների վարելու վերաբերյալ կոչերին, այլ նաեւ նշվում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ անթույլատրելի է. «Մենք  գնահատում ենք, որ այս կոչն ուղղված է Թուրքիային եւ պետք է այդ կոչը զսպիչ դեր խաղա իրադարձությունների մեջ»։

Նախարարն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ լրագրողի հնչեցերած հարցի պատասխանին, որը վերաբերում էր Արցախում կատարվող գործողություններին, պնդեց, որ Թրամփն անդրադառնալով գործողություններին՝ ասել է՝ ջանքեր են գործադրվում հանգստացնել իրավիճակը տարածաշրջանում։ Գործողությունների խաղաղ կարգավորմանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահական ընտրությունների մյուս թեկնածու Ջոզեֆ Բայդենը։

Արցախի ԱԳ նախարար Մայիս Մայիլյանն առանձնացրեց նաեւ Նիդերլանդների պարլամետում քննարկվող բանաձեւերը՝ կապված սահմանում իրականացվող գործողությունների հետ։ Վերջինիս տվյալներով՝ Նիդերլանդների արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել են երկու բանաձեւեր եւ ընդունվել հանձնաժողովների կողմից, որով խորհրդարանը կոչ է անում սեփական կառավարությունը վերջնագիր ներկայացնի Ադրբեջանին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դադարեցվի Ադրբեջան-ԵՄ բանակցությունները։ Երկրորդ բանաձեւում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խնդրում է կառավարությանը բոլոր հարթակներում կոչ անել Թուրքիային եւ այլ պետությունների զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությանն աջակցելուց։ Այս փաստաթղթերի քվեարկությունը կլինի սեպտեմբերի 30-ին։

Մայիս Մայլիյանը հավելեց, որ եւ' Արցախի, եւ' Հայաստանի արտգործնախարարություններն ամեն բան անում են պետության շահերը պաշտպանելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter