
Բազմամարդ հավաք, ավտոերթ Գլենդելում՝ ի աջակցություն Արցախի
«Artsakh is Armenia», «Հաղթելու ենք» վանկարկումներով, «Stop the war Azerbaijan», «Hands off the Artsakh» պաստառներով Լոս Անջելեսի ժամանակով 18:30-ին Glendale City Hall-ում տեղի է ունեցել բազմամարդ հավաք։
Հավաքը եղել է ի աջակցություն Հայաստանի և Արցախի։
Glendale City Hall-ում հավաքվել են հարյուրավոր հայեր, որոնք ելույթներով իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում և Արցախում բնակվող հայերին, զինծառայողներին։ Նրանք դատապարտել են Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախի սահմանին և խաղաղության կոչ արել։
Տեղում ցուցակագրվել են մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել վերադառնալ Հայաստան և մեկնել առաջնագիծ։
Մասնակիցները հայտարարել են, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները ԱՄՆ-ում։ Նրանք տեղեկացրել են, որ չորեքշաբթի օրը պատրաստվում են շրջափակել Ադրբեջանի և Թուրքիայի հյուպատոսարանների շենքերը։ Իսկ վաղը՝ Լոս Անջելեսի ժամանակով 18:30-ին, տեղի կունենա հերթական ցույցը հայաշատ մյուս քաղաքում՝ Բրբանկում։
Բողոքի ակցիայից հետո հարյուրավոր հայեր ավտոերթ են իրականացրել Գլենդելի և Բրբանկի փողոցներով՝ ազդանշաներով իրենց զորակցությունը հայտնել առաջնագծում կանգնած զինծառայողներին և Արցախին։
Մեկնաբանել