HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Իրանին առավել շատ անհանգստացնում է Թուրքիայի ուժերի կուտակումը հատկապես Նախիջեւանում եւ մասնակցությունն Արցախյան խնդրին»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը

-Տիկին Իսկանդարյան, հայ-ադրբեջանական հակամարտությանն առավել ակտիվ, քան երբեւէ ներգրավվել է Թուրքիան: Տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող խոշոր խաղացողների, այդ թվում՝ Իրանի ծրագրերի մեջ դա, ըստ էության, չի տեղավորվում: Ինչպիսի՞ն է թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որը հանդես եկավ կարծես թե չեզոք հայտարարությամբ, եւ ինչպիսի՞ն են ընդհանրապես տրամադրություններն Իրանում, որի սահմանի անմիջական հարեւանությամբ են տեղի ունենում ռազմական լայնածավալ իրադարձությունները: 

-Արցախի խնդրի կապակցությամբ Իրանը միշտ հիմնականում հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել: Բնականաբար, այսօր Թուրքիայի ակնհայտ ծավալապաշտական քաղաքականությունը չի կարող տեղավորվել ԻԻՀ-ի՝ Կովկասում ունեցած շահերի եւ հետաքրքրությունների շրջանակում: Թեպետ Իրանը զուսպ է արտահայտվում, բայց վստահաբար կարելի է փաստել, որ ամենօրյա ռեժիմով հետեւում է զարգացումներին: Իրանը տիրապետում է այն  գործիքակազմին՝ ճանապարհներ, դաշնակիցներ, համախոհներ, համապատասխան ֆինանսներ, որոնք անհրաժեշտության պահին կարող է օգտագործել՝ ի չիք դարձնելու իր ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրները: Վստահաբար կարող ենք փաստել, որ Իրանին առավել շատ անհանգստացնում է Թուրքիայի ուժերի կուտակումը հատկապես Նախիջեւանում եւ Թուրքիայի մասնակցությունն Արցախյան խնդրին։ Իրականում, Թուրքիան Արցախյան պատերազմի ողջ պատմության ընթացքում աջակցել է Ադրբեջանին, բայց այսպես բացահայտ եւ այս քանակով, թերեւս, առաջին անգամն էր։

Կարծում եմ՝ Իրանը, ինչպես 1990-ականներին, այնպես էլ այսօր կփորձի պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում քաղաքական կոչերով, աջակցություններով ինֆորմացիոն դաշտում եւ այլն։

Ի դեպ, սեպտեմբերի 27-28-ին Արեւելյան Ատրպատականի Խոդաֆերինի շրջանում ընկել է երեք հրթիռ, այս եւ սրա նման այլ փաստեր կարող են օգտագործվել Իրանի կողմից՝ խնդրին առավել ներգրավվելու համար:

-Պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ կողմերի միջեւ: Հաշվի առնելով որ Ադրբեջանը միայնակ չի հանդես գալիս՝ հնարավոր համարո՞ւմ եք միայն Իրանի ջանքերով միջնորդական առաքելության հաջողումը:

-Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական բախումների կապակցությամբ հայտարարեց, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները՝ հրադադարի ռեժիմ հաստատելու եւ հակամարտող կողմերի միջեւ բանակցությունները սկսելու համար:

Իրանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել ստանձնել միջնորդական առաքելություն։ Ի դեպ, 1992 թ. մարտի 21-ին Իրանի շնորհիվ էր, որ կնքվեց ժամանակավոր զինադադար, այսինքն՝ Իրանը նման փորձ ունի։ Սակայն հետագայում Մինսկի խմբի ձեւավորումից հետո ԱՄՆ-ի հետ չլուծված խնդիրների պատճառով, թերեւս, Իրանը դուրս մնաց միջնորդական առաքելություններից։ Թեպետ Իրանը այս խնդրի շահագրգիռ կողմերից է, վստահ եմ, որ Միացյալ Նահանգերի կողմից նրան թույլ չի տրվի մասնակցել միջնորդական առաքելությանը։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ ջանում են խնդրից հեռու պահել Իրանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter