HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՄԻՊ․ «Որևէ տարբերակում չի դրվում քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև՝ վտանգի տակ դնելով ողջ բնակչութան առողջությունն ու կյանքը»

«Առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներով սկսեց հարձակման ենթարկել Արցախը, ակնհայտ էր, որ նաև թիրախային հարձակման են ենթարկվում քաղաքացիական բնակավայրերը։ Ընդ որում՝ ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև՝ դրանով նաև իրական վտանգի տակ դնելով ողջ բնակչութան առողջությունն ու կյանքը»,- այս մասին ասուլիսում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Վերջինս արձանագրեց, որ այդ հարվածները ակնհայտ նպատակային են, և ուղղված են հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելուն։

«Այս պահի դրությամբ կա 4 զոհ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում, վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը, մահացած մարդկանց թվում են և՛ երեխա, և ՛ կին, և՛ տարեց։ Այդչափ ագրեսիվ հարձակումների արդյունքում տասնյակ վիրավորների թվում նույնպես կան կանայք, երեխաներ և տարեցներ»,- հայտնեց նա։

Ըստ Արման Թաթոյանի՝ խնդիրը նաև նրանում է, որ այս գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է կապի միջոցներին, խաղաղ բնակչության տեղաշարժման համար անհրաժեշտ կենսական նշանակության ճանապարհներին և այլն։ Այդ հարվածները կրում են համակարգված բնույթ։

«Այս բոլոր հարձակումներն առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ խոսքով։ Իհարկե, միշտ էլ եղել է ատելության խոսք և արմենոֆոբիա էթնիկ հայերի նկատմամբ։ Մեր մոնիթորինգը վկայում է, որ ատելության բարձր խոսքը դարձել է համակարգված և շատ ավելի ուժեղացված, տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր սոցիալական ցանցերով, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ։ Քարոզչություն է գնում նաև բռնության և սպանության կոչերով»,- տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նրա խոսքով՝ եզրահանգումն այն է, որ սոցցանցերից առավել վտանգավորը «TikTok»-ն է։ Այդ տիրույթում առհասարակ հնարավոր չէ վերահսկել այն կոնտենտը, որը ստացվում է։ Թիրախավորվում են նաև երեխաները։ «Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներից եկող մեծածավալ համակարգված ատելության խոսքը վկայում է նրա մասին, որ թիրախավորված են նաև երեխաները»։

Արման Թաթոյանը դիմեց թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին՝ զերծ մնալ հատկապես «TikTok» սոցիալական ցանցում գտնվելուց, և բոլոր սոցցանցերում ուշադրություն չդարձնել կասկածելի խմբերին կամ հաղորդագրություններին։ 

«Դիտարկումը վեր է հանել նաև հայկական անուններով կեղծ էջեր և խմբեր, որտեղից տարածվում են հաղորդագրություններ, ընդ որում՝ իրական հայ օգտատերերի։ Դրանք էջեր են, որոնք նոր են ստեղծվել կամ նոր են գործի դրվել։ Ակնհայտ է, որ այս ընթացքի բոլոր գործողությունները՝ սկսած սեպտեմբերի 27-ից պետք է դիտարկել համակարգային կապի մեջ ապրիլյան պատերազմի, Տավուշի հունիսյան իրադարձությունների այն առումով, որ այդ դաժանությունների կոչերը, ըստ էության, նույն տրամաբանության մեջ են։ Այդ տեսանյութերում օգտագործում են նաև դրվագներ, որոնք ապրիլյան պատերազմին են վերաբերում կամ առհասարակ Հայաստանի կամ Արցախի հետ կապ չունեն»,- տեղեկացրեց Թաթոյանը։

Նա խիստ դատապարտելի համարեց, որ ադրբեջանական կողմը հարձակումներն իրականացնում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, և նշեց, որ միջազգային ասպարեզում մեր բոլոր հաղորդումները հատուկ սկզբունքով են կազմվում։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային ամենաանկախ մարմնի կարգավիճակը։ Օգտագործելով այդ կարգավիճակը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին և միջազգային կառույցներին հաղորդումներ ենք ներկայացնում։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած Հայաստանի գանգատին ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻՊ-ն այս փուլում իրավունք չունի միջամտել, բայց գործի ընթացքից կախված՝ մենք կարող ենք դիտարկել երրորդ կողմ ներգրավվելու հարցը»,- եզրափակեց Թաթոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter