
Հայկական դրամը կայուն է, ֆինանսական համակարգը բնական հունով աշխատում է
Սահմանին շարունակվող հակամարտությունը, երկրում հայտարարված ռազմական դրությունը որևէ կերպ չեն ազդել Հայաստանի ազգային արժույթի ու բանկային համակարգի կայունության վրա:
Հայկական դրամը վերջին օրերին կայուն վարքագիծ է ցուցաբերում: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ սեպտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 485.66 դրամ: Սեպտեմբերի 18-ից սկսած այն 485 դրամի սահմաններում է:
Այս տարվա ընթացքում դրամի վերջին էական վայրիվերումները գրանցվել են մարտի երկրորդ կեսին, երբ դոլարի փոխարժեքը հատել է 500 դրամի շեմը: Այս արժեզրկումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածման հետևանքով բնակչության շրջանում առաջացած սպասումներով, որը դրդել էր քաղաքացիներին դոլար գնել ու նպաստել դոլարի թանկացմանը: Դրա վրա ազդել էին նաև սպեկուլյատիվ հայտարարությունները:
Կայուն և բնականոն հունով են աշխատում նաև հայաստանյան բանկերը: Հայաստանի բանկերի միությունը հայտնել է, որ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։
Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ: Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն:
Մեկնաբանել