
Ռուսաստանի Պետդուման հայտարարություն է ընդունել արցախա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ
Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ ընդունել է հայտարարություն՝ արցախա-ադրբեջանական սահմանագծին առկա իրավիճակի վերաբերյալ, որտեղ ռուս խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցությունների և պատրաստակամություն հայտնում միջնորդել իրավիճակի կայունացմանը։
«Պետդուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում հակամարտության սրման անթույլատրելիության և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չլինելու մասին։ Պետդումայի պատգամավորները կոչ են անում կողմերին անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են ցուցաբերել միջնորդական օժանդակություն՝ իրավիճակի կայունացման համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ պատգամավորները նաև իրենց մտահոգությունն են արտահայտում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ, որը հանգեցրել է մարդկային զոհերի։
Պետդուման այս հայտարարությունը կուղարկի ՌԴ նախագահին, կառավարությանը, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին։
Լուսանկարը՝ Сергей Савостьянов / ТАСС
Մեկնաբանել