HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք պետք է գիտակցենք, որ գոնե այս պահին մենակ ենք այս կռվում»

«Հետքի» հարցերին պատասխանում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը

-Պարոն Խառատյան, Ադրբեջանն այսօր նախահարձակ է եղել Հայաստանի վրա՝ Վարդենիսի ուղղությամբ։ Ի՞նչն է դրդում թուրք-ադրբեջանական տանդեմին դիմել մի նոր արկածախնդրության։

-Ոչինչ: Ալիեւին փրկելու եւ Էրդողանի ամբողջապաշտական նկրտումները բավարարելու համար այս երկու արկածախնդիր թուրքերը պատրաստ են ըստ էության որեւէ քայլի: Չեմ կարծում, թե սա իրենց ժողովուրդների շահերից է բխում, սակայն իրենք դրա խնդիրը չունեն:

-Երկու օր առաջ ՀԱՊԿ-ն կողմերին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին, ապա նաեւ հայտնել, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին։ Ստեղծված իրավիճակում կոշտ քայլի ակնկալիք սպասելի՞ է այս կառույցի կողմից՝ Հայաստանի դիմելուց հետո, եւ արդյոք ՀԱՊԿ-ն կապահովի՞ իր անդամ-պետության անվտանգությունը՝ նկատի առնելով, որ այն արդեն մեռելածին կառույցի համբավ ունի հայաստանյան որոշ շրջանակներում։

-ՀԱՊԿ-ն եղել ու շարունակում է լինել Ռուսաստանի Դաշնության դոմինանտությամբ ու բացարձակ ղեկավարմամբ մեծ հաշվով ֆիկտիվ կառույց: Այո, այն ունեցել է տարածաշրջանային եւ գլոբալ ռազմահոգեբանական քաղաքականություն իրականացնելու որոշակի ազդեցություն, հատկապես, երբ խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն եթե խոսում ենք դրա իրական ֆունկցիոնալության մասին, ապա այն առավելապես ֆորմալություն է: Այսպես ասեմ, ես շատ դժվար եմ պատկերացնում ղազախ կամ բելառուս զինվորականին մեզ հետ մեկտեղ թուրքի դեմ կռվելիս: Այս կառույցին անդամակցությունը նաեւ որոշակիորեն օգնել է ոչ կոմերցիոն պայմաններով զենք գնել Ռուսաստանից, սակայն կարծում եմ, որ մենք դա կարող ենք անել նաեւ առանց ՀԱՊԿ-ի:

-Երկօրյա պատերազմական իրավիճակում մեծ հաշվով ականատես ենք լինում միջազգային հանրության անտարբերությանը։ Ինչո՞վ եք պայմանավորում սա։

-Ալիեւն ու Էրդողանը հրաշալի ժամանակ են գտել պատերազմ սկսելու համար: Նրանք դա անում են աշխարհում բազմաթիվ այլ խնդիրների առկայության պայմաններում: Բելառուսական տոտալիտարիզմի մայրամուտից մինչեւ ամերիկյան նախագահական ընտրություններ, Լիբանան ու կովիդյան համավարակ: Եթե սրան գումարենք ժողովրդավարության ճգնաժամն ու պոպուլիզմի հաղթարշավն աշխարհում, հասկանալի կդառնա թե ինչու այսպես կոչված միջազգային հանրությունը մեծ հաշվով թքած ունի ղարաբաղյան կամ որեւէ այլ հակամարտության վրա:

Մենք պետք է գիտակցենք, որ գոնե այս պահին մենակ ենք այս կռվում: Թե ինչքան է դրա մեջ մեր մեղքը, քննարկելու հարց է: Ի դեպ, որքան շուտ գիտակցենք այս իրողությունը, այնքան ավելի շուտ կսկսենք ինքներս մեր ներսում լուծումներ գտնել եւ ապա այդ  նույն միջազգային հանրությունից ոչ թե անվերջ ակնկալիքներ կունենանք, այլեւ կոնկրետ հարցերում կարող ենք որոշիչ դառնալ:

Լուսանկարը՝ Ա. Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter